ՀՅԴ, ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցությունները դեմ կքվեարկեն ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցով հանձնաժողով ստեղծելու ԵԼՔ–ի նախագծին
ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԵԼՔ խմբակցության առաջարկի վերաբերյալ հնչեցին ելույթներ ԱԺ խմբակցությունների անունից, ըստ որոնց՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Ծառուկյան» և «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունները դեմ են նախագծին։
ԱԺ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ում գնահատմամբ՝ ԵԼՔ-ի առաջարկն այլ բան չէ, քան այն, որ Հայաստանը պետք է կատարի ռազմաքաղաքական շրջադարձ:
«Պետք է անվտանգության չափանիշով նայենք, որի թիվ մեկ անհրաժեշտությունն այսօր ունի Հայաստանը: Իսկ այստեղ չի ասվում, որ եթե մենք կտրենք այդ թելը, ի՞նչ կլինի մեր տնտեսության հետ, չկա այդպիսի վերլուծություն այստեղ»,- ասաց նա և հավելեց, թե բացակայում է ռազմական բաղադրիչը: Ռուստամյանը հայտարարեց, թե այս նախագծին ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու:
«Մենք դեմ ենք և մերժելու ենք: Նախ, ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման համար ժամանակը սխալ է ընտրված: ԵՄ-ն ինքն իր վերաբերմունքը փոխել է՝ «կամ-կամ»-ից հրաժարվել է և անցել է «և-և»-ի։ Իսկ դուք զարմանում եք, թե ինչու իշխանությունները դրան չեն համաձայնում»,- ասաց նա:
ԵԼՔ խմբակցության անունից ելույթ ունեցավ Սասուն Միքայելյանը, ով նշեց, թե տարիներ շարունակ եղել է ԱԺ-ում և գիտի, որ եթե ՀՀԿ-ն ուզում է մի հարց «ջրվի», հանձնաժողով է ստեղծում՝ «Մազութի գործով», «27-ի գործով» և այլն:
«Հիմա մենք ասում ենք՝ իսկապես համախմբվենք, իրավիճակը խորանում է, դուրս գանք այս վիճակից, քննարկման առարկա դառնա հարցը»,-ասաց նա և նշեց, թե իր թիվ 1 մտավախությունն անվտանգության հարցն է և առաջին հերթին՝ Ղարաբաղի հարցը:
Սասուն Միքայելյանը նշեց, թե ԵԱՏՄ մտանք առանց Արցախի, որովհետև «ինչ-որ երկրի» նախագահը՝ Նազարբաևը դեմ էր:
«Հիմա հարց եմ տալիս իշխող կուսակցությանը՝ կարո՞ղ եք նախագիծ ներկայացնել, որ Ղարաբաղն էլ մտնի ԵԱՏՄ: Հարցը մեր անկախության մասին է, որում կյանքեր են դրված, որ այդ ամեն ինչը չկորցնենք»,-ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցության անունից խոսեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա նշեց, թե ԵԱՏՄ-ն չի խանգարում եղած լուրջ տնտեսական խնդիրները լուծելուն:
«Բայց ունենք խնդիր, թե ինչու չենք օգտագործում ԵԱՏՄ-ի ներուժը, ընդհուպ քննարկման հարց դնենք, թե ինչու է Ադրբեջանին զենք վաճառում ՌԴ-ն»,-ասաց նա և անդրադարձավ գազի հարցին։ Մելքումյանը նկատեց՝ սահմանին ռուսական գազը վաճառում է 150 դոլարով, բայց գալիս է, հասնում՝ կրկնակի դառնում, և դա պետք չէ վերագրել ԵԱՏՄ-ին:
Նա նշեց, թե հստակ էլ չէ, թե ինչ է առաջարկվում որպես այլընտրանք, ապա հավելեց, որ որևէ մեկն էլ դեմ չէ եվրոպական արժեքներին:
«Ծառուկյան դաշինքը հետևողական է. ինչպես ժամանակին կողմ ենք քվեարկել ներկայացված նախագծին, հիմա էլ հստակ դեմ ենք քվեարկելու»,-ասաց նա:
ՀՀԿ խմբակցության անունից խոսեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով պաշտոնական թվեր ներկայացրեց՝ նշելով, թե որքան են աճել ՀՆԱ-ն և ԵԱՏՄ արտահանման ծավալները։ Աճել է նաև դեպի ԵԱՏՄ երկրներ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալը և այլն:
«Այստեղ այն տպավորություն է, որ ԵԼՔ-ում մի մասը հստակ ասում է, որ պետք է դուրս գանք, կողմնորոշված է, մյուս մասը դեմ է, և որպեսզի այդ հակասությունը դուրս չգա, երկու մասի են բաժանվել. դեմ լինողներն ասում են՝ տղե՛րք, եկեք հանձնաժողով ստեղծենք՝ հասկանանք՝ արժի՞, թե չարժի: Հիմա նույն հռետորաբանությամբ ձեզ ենք դիմում՝ տղե՛րք, արժի՞, թե չարժի: Մեր քաղաքական վեկտորի մեջ փոփոխություն չկա, մենք պետք է համագործակցությունը շարունակենք ԵԱՏՄ-ի հետ, ինչպես նաև ԵՄ-ի և աշխարհի այն երկրների հետ, որոնց հետո կարող ենք»,-եզրափակեց նա:










