Ինչպես Լեռնային Ղարաբաղը կարող է մերձեցնել Ռուսաստանն ու Արևմուտքը. Սերգեյ Մարկեդոնովի հոդվածը
Ղարաբաղյան հակամարտությունը միակ հակամարտությունն է հետխորհրդային տարածքում, որտեղ Ռուսաստանը և Արևմուտքը պատրաստ են գործել համատեղ: Դա համագործակցության բացառիկ փորձ է խորացող հակասությունների ֆոնին, գրում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը carnegie.ru կայքում: Իհարկե, Լեռնային Ղարաբաղի հարցում համագործակցությունը չի կարող ինքնին կանգնեցնել Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում բացասական միտումները, բայց ընդհանուր, թեկուզև մարտավարական խնդիրների շուրջ համագործակցությունն անխուսափելիորեն թարմ շունչ կհաղորդի նրանց հարաբերություններին:
Չնայած առաջին հայացքից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը փակուղային է, բայց այն մեկ կարևոր հատկություն ունի: Ի տարբերություն գրեթե բոլոր հետխորհրդային հակամարտությունների, որոնք այս կամ այն չափով կարելի է նկարագրել որպես Ռուսաստանի և Արևմուտքի միջև միջնորդավորված դիմակայություն, ղարաբաղյան կարգավորումը երբեք չի որակվել ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Արևմուտքի կողմից որպես աշխարհաքաղաքական առճակատման մաս:
ԱՄՆ-ն և ԵՄ-ն աջակցել և շարունակում են աջակցել, բացի ընդունված ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ գործող բանակցային ձևաչափից, նաև եռակողմ գագաթնաժողովներին, որոնց ընթացքում հանդիպում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: ԱՄՆ-ն և ԵՄ-ն ղարաբաղյան հարցում Ռուսաստանի գործադրած ջանքերում չեն տեսնում հետխորհրդային տարածքում սահմաններ փոխելու փորձ:
Ի տարբերություն այլ հակամարտությունների՝ ԼՂ խնդրում երկու հակամարտող կողմերը շահագրգռված են Ռուսաստանի միջնորդության հարցում: Մասնավորապես՝ Վլադիմիր Պուտինի և հակամարտող կողմերի նախագահների միջև անձնական վստահության մակարդակն անհամեմատելի է այլ պետությունների նախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների շփումների հետ:
Այդ պատճառով զարմանալի չէ, որ ղարաբաղյան բանակցությունների համար հիմք են հանդիսանում, այսպես կոչված, հիմնարար սկզբունքները: Փաստացիորեն դա Երևանի և Բաքվի միջև ապագա փոխզիջման հիմնական թեզիսներն են, որոնք իրենցից ներկայացնում են Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի միջև փոխզիջում: Այդ հարցում Ռուսաստանը և Արևմուտքը պատրաստ են գործել համատեղ, ինչը համագործակցության բացառիկ փորձի հնարավորություն է ընձեռում:
«Յուրաքանչյուր երկիր ունի սեփական պետական քաղաքականությունը, բայց այդ քաղաքականությունը համաձայնեցվում է ԵԱՀԿ քաղաքական գծի հետ»,- հայտարարել է Ռիչարդ Հոգլանդը՝ հեռանալով Մինսկի խմբի ժամանակավոր համանախագահի պաշտոնից:
Ռուսաստանի և Արևմուտքի նման համագործակցությունը կտրուկ նվազեցնում է հակամարտությունում առկա ռիսկերը: Նման իրավիճակում Բաքուն և Երևանը ստիպված են լինում մանևրել՝ թույլ չտալով չմտածված քայլեր:
Այնուամենայնիվ, Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները լի են բազմաթիվ հարցերի առնչությամբ հակասություններով: Դրա հետևանքով կողմերի միջև չկա վստահություն, իսկ Մինսկի խմբի միջնորդները սահմանափակ հնարավորություններ ունեն հակամարտող կողմերի վրա համատեղ ճնշում գործադրելու հարցում: Ղարաբաղյան գործընթացի շրջանակներից դուրս Ռուսաստանի և Արևմուտքի միջև կոնֆլիկտը ստիպում է և՛ Բաքվին, և՛ Երևանին ստուգել միջնորդ երկրների միասնության դիմացկունությունը:
Հակամարտության սրացումը լի է վտանգներով և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի համար: Դա նշանակում է, որ ղարաբաղյան հակամարտությունը նրանց համար լուրջ խթան է ստեղծում համագործակցելու համար՝ չնայած առկա հակասություններին:
Ակնհայտ է, որ Ռուսաստանն ու Արևմուտքը չպետք է չափազանց շատ բաներ պահանջեն հակամարտության կողմերից: Առաջին տեղում է շփման գծում միջադեպերի կանխումը, նոր պատերազմի վերսկսման վտանգների նվազեցումը և միայն հետո բանակցությունների իմիտացիոն ձևաչափի՝ բովանդակալից երկխոսության անցումը՝ փոխզիջումների որոնմամբ:
«Ուշադրությունը հարկավոր է կենտրոնացնել դրա վրա՝ հասկանալով, որ արագ առաջընթաց ակնկալել պետք չէ: Լեռնային Ղարաբաղի գործընթացը կարող է հաջող մոդել դառնալ, որն այնուհետև կկիրառվի այլ հետխորհրդային հակամարտություններում»,- գրում է հեղինակը:










