Սա բացառիկ առաջնորդների համախմբելու եզակի հնարավորություն է. Հայաստանում անցկացվում են առաջին Diaspora Dialogues քննարկումները

13:54 • 08.10.17

Հոկտեմբերի 8-10-ը Հայաստանում անցկացվում են առաջին Diaspora Dialogues քննարկումները, որոնք մեկ տեղում են հավաքել տարբեր ազգերի սփյուռքի առաջնորդների։

Քննարկումներն անցկացվում են Երևանում և Դիլիջանում և կազմակերպվել են Common Purpose առաջնորդության զարգացման կազմակերպության կողմից՝ UWC Dilijan քոլեջի հետ համագործակցությամբ և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակցությամբ:


«Ողջ աշխարհով մարդիկ բարդ խնդիրների ականատես են լինում. այդ խնդիրները սահմաններ չունեն: Դրա համար էլ մենք ունենք առաջնորդների կարիք, որոնք կարող են գործել սահմաններից դուրս: Diaspora Dialogues-ը եզակի հնարավորություն է համախմբելու բացառիկ առաջնորդների, որոնք իրենց ողջ կյանքի ընթացքում գործել են՝ հաղթահարելով սահմանները: Սա չափազանց ոգևորող է»,- Դիլիջանում անցկացվող քննարկումներին՝ ներկայացնելով նախաձեռնությունն, ասաց Common Purpose կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջուլիա Միդլթոնը:


Նշենք, որ Diaspora Dialogues-ի մասնակիցները ծագումով տարբեր երկրներից են և ունեն բազմազան փորձառություններ: Նրանք կրթության, գործարարության, բարեգործության, նորարարության բնագավառների, քաղաքացիական հասարակության և հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչներ են:


«Պատահական չէ, որ առաջին Diaspora Dialogues-ն անցկացվում է UWC Dilijan քոլեջում, որովհետև այն ապագա առաջնորդների կենտրոն է, որոնք տարբեր համայնքների համար դառնում են կամուրջներ և պայքարում են աշխարհում բաժանարար գծերի դեմ: Մենք ողջունում ենք սփյուռքի առաջնորդներին UWC Dilijan-ում՝ վստահ լինելով, որ ներկայացնելով մեր փորձն ու գիտելիքները, մենք կկարողանանք ստեղծել և զարգացնել նոր գաղափարներ, որոնք հնարավոր կլինի գործնականում կիրառել»,- նշեց UWC Dilijan քոլեջի համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:


Երեք օրվա ընթացքում Diaspora Dialogues-ի մասնակիցները, այդ թվում՝ UWC Dilijan-ի ուսանողները, միմյանց կներկայացնեն գաղափարներ, ռազմավարություններ և ոգեշնչող պատմություններ: Կազմակերպիչների խոսքով՝ քննարկումներում «բանախոսներ» չեն լինելու, որովհետև հենց մասնակիցներն են ապահովելու բովանդակությունը: 


Քննարկումների արդյունքում առաջացած գաղափարներն ու մտքերը ներկայացվելու են ավելի մեծ լսարանի՝ բլոգի, էսսեների կամ գրքի տեսքով, զարգացնելու սփյուռքի առաջնորդների հաջորդ սերնդին, ինչպես՝ նաև հիմնել համերաշխության ցանց՝ սփյուռքի տարբեր համայնքների միջև: