Թալանել են Կոնվերս Բանկի՝ Երևանի կենտրոնում գտնվող մասնաճյուղը (տեսանյութ)

12:52 • 09.10.17

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, թալանել են Կոնվերս Բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը: Այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ 

Tert.am-ի տեղեկություններով՝ անձը բանկի մասնաճյուղում սպառնացել է պայթեցնել ինքն իրեն և հափշտակել է 60 հազար եվրո:

Տեղում աշխատում են իրավապահները։ Կատարվածի վերաբերյալ այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն: 

Հիշեցնենք, որ Կոնվերս Բանկի վրա մեկ այլ հարձակում էր տեղի ունեցել 2011թ. մարտի 29-ին։ Նշված օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանը գլխարկով դեմքը ծածկած վիճակում մուտք էր գործել Կոնվերս բանկի Նոր Նորքի մասնաճյուղ և «Մակարով» տեսակի ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարել բանկի աշխատակիցների նկատմամբ` հափշտակելով 37 հազար 8 հարյուր ՌԴ ռուբլի, 1 միլիոն 724 հազար դրամ, 385 եվրո, 6 հազար 695 դոլար:

Հանցագործությունը կանխվել է նշված բանկում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակցի մասնագիտական բարձր պատրաստվածության և բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու շնորհիվ. չնայած զենքի սպառնալիքին` նա գործադրել էր իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը, ինչի հետևանքով Արթուր Հակոբյանը որովայնի և ազդրի շրջանում ստացել էր հրազենային վնասվածքներ, վնասազերծվել ու տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:


Թալանել են Կոնվերս Բանկի՝ Երևանի կենտրոնում գտնվող մասնաճյուղը (տեսանյութ)