Հայաստանը կարող է ապահովել իր անվտանգությունը՝ լինի դա Ռուսաստանի հետ, թե առանց. Հրանտ Մելիք–Շահնազարյան

16:06 • 10.10.17

 

Ռուսաստանը լրացուցիչ երաշխիք է Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը՝ խոսելով այն մասին, թե ինչու են Հայաստանում իշխող ներկայացուցիչների կողմից հնչեցվում հայտարարություններ, որ առանց Ռուսաստանի Հայաստանը չի կարող իրականացնել իր պաշտպանությունը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ այդ հայտարարություններին ծանոթ չէ, բայց չի հավատում, որ ՀՀ իշխանությունների որևէ ներկայացուցիչ կասեր, որ առանց ՌԴ-ի մենք պատերազմ չէինք կարող հաղթել:

Նշենք, որ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը Tert.am-ի հետ զրույցում, խոսելով ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, ասել էր, որ այն հաղթել ենք Ռուսաստանի աջակցությամբ: «Մենք պատերազմ ենք հաղթել, որը բոլորովին վերջերս պարտադրվել էր մեզ Ադրբեջանի կողմից: Փաստը մնում է փաստ չէ՞, թե մենք ինչ ռեսուրսով ենք կարողացել հաղթել այդ պատերազմը: Դա ակնհայտ փաստ է, չէ՞»,- նշել էր նա:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանն էլ հայտարարել է, որ Հայաստանում շատ կարևոր հենակետեր ռուսական զորքն է պահում, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ իր հերթին ասել էր, որ Հայաստանը միայնակ չի կարող ամբողջությամբ իրականացնել իր պաշտպանությունը:

Մելիք-Շահնազարյանն ասաց, որ գուցե լրատվամիջոցներն են սխալ փոխանցել տվյալ անձանց հայտարարությունները, որովհետև նրանք չէին կարող հայկական բանակի դերը նվազեցնել՝ Ռուսաստանի դերի բարձրացման հաշվին:

«Բացառում եմ, որ մեկն ասի, որ ՌԴ օգնությամբ ենք պատերազմ հաղթել, որ առանց Ռուսաստանի անվտանգություն չենք ապահովում: Գուցե խոսել են հայ-ռուսական համագործակցության դրական կողմերի մասին: Կներեք, բայց չեմ հավատում, գուցե ԶԼՄ-ները սխալ են փոխանցել նրանց խոսքերը: Արմեն Ռուստամյանը չի կարող ասել, որ ՌԴ շնորհիվ ենք հաղթել ապրիլյան պատերազմը, որովհետև Ռուսաստանը մասնակցություն չի ունեցել հայկական կողմի հաղթանակ պարգևելու հարցում: ՌԴ-ն միջնորդել է, որ լինի հրադադար»,- ասաց քաղաքագետը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը շեշտեց, որ ցանկացած պետություն ինքն է իր անվտանգության երաշխավորը և որևէ պետություն չի կապում իր անվտանգության ապահովման գործն այլ պետությունների քաղաքականության հետ, հակառակ դեպքում` Հայաստանը «չէր ունենա ազգային բանակ, Ազգային անվտանգություն, որոնք կոչված են ապահովելու մեր անվտանգությունը»:

«Ազգային անվտանգության խնդիրը Հայաստանի, Արցախի համար գերակա շահ է և մեր ռեսուրսներն ուղղվում են անվտանգության ապահովմանը: Միջազգային համագործակցությունների միջոցով ստեղծվում են հավելյալ երաշխիքներ: Այս առումով Հայաստանի համար մեծ նշանակություն ունի ՀԱՊԿ-ը, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը: Ասել, որ Հայաստանի անվտանգությունն ապահովվում է բացառապես Ռուսաստանի միջոցով, այդպես չէ: Այո, Ռուսաստանի դերը մեծ է, բայց բացառիկ չէ»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:

Ըստ քաղաքագետի՝ եթե Ռուսաստանը չօգնի Հայաստանին, ապա Հայաստանի անվտանգության ապահովման գործընթացի մակարդակը կթուլանա, բայց չենք մնա անպաշտպան:

«Մենք կարող ենք մեր անվտանգությունը լուծել՝ լինի դա Ռուսաստանի հետ, թե առանց Ռուսաստանի: Հայ-թուրքական սահմանը, գիտեք, որ Ռուսաստանն է պահում, և եթե չպաշտպանվի ռուսական զորքերի կողմից, մեր գործերը կբարդանան, բայց չի նշանակում, որ մենք չենք կարողանա պահել այս սահմանը: Ուզում եմ շեշտել, որ խոսքը հավելյալ երաշխիքների մասին է: Մեր անվտանգության համար մեկ երաշխիքը Հայաստանի Զինված ուժերն են»,- ընդգծեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը: 

Հայաստանը կարող է ապահովել իր անվտանգությունը՝ լինի դա Ռուսաստանի հետ, թե առանց. Հրանտ Մելիք–Շահնազարյան