Կաթնամթերքի շուկայում շուրջ 25% թանկացում է նկատելի. Պանրագործների միության նախագահը վատ կանխատեսում ունի և կառավարության աջակցությանն է ապավինում
Կաթնամթերքի շուկայում պանրի գնի աճ նկատվում է. Tert.am-ի հետ զրույցում ասաց Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը, ում խոսքով՝ թանկացումները շուրջ 25 տոկոս են կազմում:
«Ամռանն այն ապրանքատեսակները, որոնց գինը 1300-1400 դրամ էր, հիմա շուրջ 1600-1700 դրամ է»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանում հիմնականում արտադրվում է «չանախ», որի գինն էլ շարունակում է բարձրանալ:
Ըստ նրա, թանկացումը պայմանավորված է կաթի ծավալի նվազմամբ: «Կապված է սեզոնայնության հետ, կաթի ծավալը քիչ է այս տարի, կաթը շուրջ մեկ ամիս ուշացմամբ են սկսել մթերել, հետո տարին էլ չորային էր։ Արդյունքում կաթի ծավալը շատ քիչ է եղել, դրա հետևանքով պանրի ծավալը՝ համեմատած մյուս տարիների, շուրջ 25-30 տոկոս պակաս է»,- ասաց նա:
Պանիր արտադրողների միության նախագահը նշեց, որ դա կապ չունի արտահանման ծավալների աճի հետ, քանի որ դրանք ինչպես առաջ, հիմա էլ էական չեն:
«Արտահանման ծավալներն առանձնապես չեն էլ փոխվել: Ներկրումն էլ բավական քիչ է, սովորական ժամանակաշրջանում 5 տոկոսը չի անցնում»,-ասաց նա:
Արմեն Գիգոյանը կաթնամթերքի գների տատանումը չի պայմանավորում ԵԱՏՄ շուկայով: «Ներկա գների տատանումը ես ԵԱՏՄ-ի հետ չեմ պայմանավորում: Եթե խոսքը կաթի փոշու գների մասին է, ապա այստեղ փոփոխություն չկա: Սկզբում հղում էին կատարում, թե Մաքսային միությունից դուրս ներկրվող ապրանքները կթանկանան, որոնց մաքսատուրքերն ավելի բարձր են, քան Մաքսային միության ներսում է: Իհարկե, դրան համադրում էին, որ Բելառուսը կաթի փոշի արտադրող է և այնտեղից կբերեն»,– ասաց նա:
Այդուհանդերձ, ըստ նրա, որպես կանոն, Բելառուսը կաթի փոշին համեմատաբար ավելի թանկ է վաճառում, քան, օրինակ, Ուկրաինան: «Իհարկե կան տարբերություններ, որակական հատկանիշներ և այլն: Հետո մեկ այլ մտավախություն կար, թե քանի որ մի գոտի կմտնենք, բոլոր պանիրները կգնեն, բայց փորձը ցույց տվեց, որ այդպես չէ, մենք հիմա արտահանում ենք սովորականից շատ քիչ ավել պանիր, քան արտահանում էինք մինչ այդ»,-ընդգծեց նա:
Արմեն Գիգոյանը լուծում է առաջարկում, որ կառավարությունը կանխի հետագա ավելի մեծ խնդիրները: Միության նախագահի խոսքով, քանի որ երաշտ է եղել, անասնակերի ծավալի խնդիր էլ կա, կան բոլոր հիմքերը մտածելու, որ անասնագլխաքանակի նվազումը կշարունակվի:
«Ռուսաստանի Դաշնությունում, նաև Դաղստանում, արտադրվում են կոմբինացված կերեր անասունների համար, ճշգրտել և տեղեկացել ենք, որ գները համեմատաբար մատչելի են, քան այստեղ։ Չէր խանգարի, որ թեկուզ ժամանակավոր պետական միջոցները տրամադրվեն, որ Հայաստանի Հանրապետություն ներկրվեն այդ կոմբինացված կերերը՝ անասնակերի բացը լրացնելու համար: Անհրաժեշտ է արտոնյալ պայմաններ տալ, ցածր տոկոսադրույքով փող տալ, որպեսզի գնան բերեն: Գործարարը, որպեսզի դրանով զբաղվի, պետք է էժան փող ունենա, մեծ գումարներ չի աշխատի»,-ասաց նա:










