Չեմ բացառում, որ նախարարությունում զինծառայություն անցնելու նոր տարբերակից կարող են օգտվել նաև պաշտոնյաների որդիները. Կարեն Վրթանեսյան

19:11 • 12.10.17

Հոկտեմբերի 11-ին, ԱԺ-ում կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ քննարկվեց կառավարության առաջարկած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որը նախատեսում է զինվորական ծառայության հետ կապված մի քանի փոփոխություններ, որոնցից մեկը ուսման հիմքով զինծառայությունից տարկետման իրավունքը վերացնելն է: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Tert.am-ը խոսեց «Ռազմինֆո» կայքի համակարգող, փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ:

- Պարո՛նՎրթանեսյան, կարծիք կա, որ այս փոփոխությամբ ՊՆ-ն փորձում է առաջնագծում մարդաքանակ ապահովել: Ըստ Ձեզ՝ սա ի՞նչ նպատակ է հետապնդում:

-Ինձ թվում է` նորմալ նպատակ է զինված ուժերի շարքերը համալրելը: Բացի դրանից`այս փոփոխությամբ որոշ կազմակերպչական բարդություններ էլ են շրջանցվում և, ընդհանուր առմամբ, դա ավելի շատ օգուտ է: Չնայած կա քննադատություն, որ անվճար սովորողների կրթական պրոցեսը սա ընդհատում է և այլն, բայց դա նույն ձևով ընդհատում է նաև վճարովի սովորողների կրթական պրոցեսը: Հաշվի առնելով, որ արդեն 12-ամյա դպրոցի ներդրումից հետո, մեծ հաշվով, բացի ինչ-որ եզակի դեպքերից, մարդիկ ավագ դպրոցն ավարտելուց հետո են գնալու պարտադիր զինվորական ծառայության, այստեղ կազմակերպչական ընդհատման հարցն էլ է դուրս գալիս:

-Մասնագետների կորուստներ չե՞ն լինի այս փոփոխությունից հետո:

-Մի քիչ կոշտ պետք է արտահայտվեմ, բայց, հաշվի առնելով մեր կրթական համակարգի բառիս բուն իմաստով ողբալի վիճակը, ոչ մի մասնագիտական կորստի մասին խոսելը լուրջ չէ: Մենք այնպիսի լուրջ խնդիրներ ունենք կրթական ոլորտում այսօր, որ նույնիսկ եթե բանակի հարց չլիներ, ոչ մի նման խնդիր չլիներ, մենք շատ լուրջ խնդիրներ ունենք լուծելու կրթական որակի, դասավանդման, մակարդակի հետ: Խնդիրն այն չէ, որ մարդիկ գնում են բանակ, խնդիրն այն է, որ ուսանողները 6 տարի սովորում են և ավարտելուց հետո 3-4 նախադասություն կապակցված չեն կարողանում գրել, իսկ դա բանակի խնդիրը չէ, որովհետև նույն խնդիրը նաև աղջիկների մոտ է:

-Առաջարկված նախագծով բացառիկ կարողություններ ունեցող ուսանողները հնարավորություն կունենան Պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքել ոչ թե առաջնագծում, այլ նախարարությունում և դրան կից ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններում ծառայելու համար։ Եվ 2 տարվա փոխարեն` պարտադիր զինվորականության ծառայությունը դառնալու է 5 տարի: Այստեղ մտավախություն  չկա՞, որ բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները կօգտվեն այս ծառայության ձևից:

-Եթե օրենքը տալիս է հնարավորություն ինչ-որ ձևով ծառայել և ինչ-որ մեկն օգտվում է դրանից, կապ չունի պաշտոնյայի որդի է, թե շարքային քաղաքացի, օրենքի խախտում դրանում չկա: Իսկ եթե չի ծառայում այն բանի շնորհիվ, որ իր պաշտոնյա ազգականը չարաշահում է իր պաշտոնական դիրքը, դա արդեն լրիվ այլ թեմա է և դրանով պետք է զբաղվեն իրավապահները:

-Հնարավո՞ր չէ, որ զինծառայության անցնողը բացառիկ կարողություններ չունենա, բայց լինի պաշտոնյայի ազգական և ծառայությունն անցկացնի ՊՆ-ում:

-Դա արդեն լինում է օրենքի խախտում, դրանով պետք է զբաղվեն իրավապահները: Անկախ նրանից` այս տարբերակը կա, թե չկա: Անկախ նրանից, թե ինչ ձևով է օրենքը խախտվում, դրանով պետք է զբաղվեն այն մարդիկ, ում պարտականությունն է օրենքի խախտումների դեմ պայքարելը:

-Չե՞ք բացառում, որ նման դեպքեր կարող են գրանցվել:

-Ամեն ինչ էլ հնարավոր է, քանի որ իդեալական աշխարհում չենք ապրում: Ե՛վ խախտումներ են հնարավոր, և՛ կաշառքներ, և՛ պաշտոնական դիրքի չարաշահում և այլն, բայց դա կապված չէ ծառայության տարբերակների հետ: Ի վերջո, 5 տարվա ծառայությունը բավականին լուրջ է, մարդը ոչ թե երկու տարի է ծառայելու, այլ 5 տարի, որը բավականին լուրջ ներդրում է:

-Պաշտպանության նախարարությունը նաև ցանկանում է հրաժարվել սպայական կազմին անվճար բնակարան տրամադրելու ծրագրից: Սրա փոխարեն նախարարությունն առաջարկում է անտոկոս հիփոթեքային վարկեր տրամադրել հատուկ սպաների համար կառուցվող շենքերում բնակարան գնելու համար: Ընդ որում` առաջարկվում է սպաների պայմանագրերը նախկին 20 տարվա փոխարեն դարձնել և՛ 20, և՛ 10 տարով, իսկ բնակարան գնելու հնարավորություն կունենան միայն 20 տարով պայմանագիր կնքածները:

-Սա պետք է ուսումնասիրել, թե որ տարբերակն ինչ առավելություններ է տալիս թե՛ համակարգին, թե՛ առանձին մարդկանց:

-Ձեր կարծիքով՝ սա սպաներին երկար ծառայության մեջ պահելու խնդիրը չի՞ լուծում, որովհետև շատ սպաներ մեծ գումարներ վճարելով հրաժարվում են ծառայությունը շարունակել:

-Տրամաբանական է, պետությունը լուրջ ծախսեր է անում սպայի մասնագիտական պատրաստության համար և ցանկանում է հնարավորինս երկար օգտվել այդ մասնագետի ծառայություններից: Լրիվ բնական է, որ լրացուցիչ առավելություններ պետք է ունենան մարդիկ, ովքեր ավելի երկար են ծառայելու: