Ո՞ւմ և ինչի՞ համար են հայ բարերարները ծախսում միլիոնները. Forbes-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի գործունեությանը

23:58 • 12.10.17

Forbes հանդեսը հոդված է հրապարակել հայ բարերարների, մասնավորապես «Ավրորա» մարդասիրական մրցանակի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի, բոստոնյան Flagship Pioneering ընկերության ղեկավար Նուբար Աֆեյանի և Նյու Յորքում Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի մասին:

Հոդվածում նշվում է, որ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը 2001 թվականից ի վեր ղեկավարում են IDeA հիմնադրամը ( Հայաստանի զարգացման նախաձեռնություններ) և McKinsey-ի ու այլ գործընկերների հետ մշակել են «Հայաստան-2020» զարգացման ծրագիրը:

«Երբ գործարկեցինք «Հայաստան-2020» նախագիծը, մենք պատասխան էինք փնտրում այն հարցին, թե ինչպես կարող է զարգանալ հայկական պետությունը, և մեզանից յուրաքանչյուրը կարող է իր ազդեցությունն ունենալ այդ գործընթացին»,- ասել է Վարդանյանը:

Հոդվածագիրը հիշատակում է, որ IDeA-ի առաջին նախագծերից մեկը աշխարհում ամենաերկար  «Տաթևեր» ճոպանուղու կառուցում էր, ուր 2010 թվականին կես մլն մարդ է այցելել:

Այնուհետև անդրադարձ է կատարվում Դիլիջանի միջազգային դպրոցին, որտեղ 213 ուսանող կա 82 երկրից:  

«Հայաստանի աստղը. ո՞ւմ և ինչի՞ համար են հայ բարերարները բաժանում միլիոնավոր դոլարները» խորագրով հոդվածում հիշատակվում են նաև «Ավրորայի» դոնորների անունները։