ԱՄՆ-ի հետ վիզային ճգնաժամի պատճառով Թուրքիան բորսաներում մեկ գիշերվա ընթացքում 63 մլրդ դոլար է կորցրել

09:59 • 12.10.17

ԱՄՆ-ի հետ վիզային ճգնաժամ վերապրող Թուրքիան մեծ գին է վճարում թուրք-ամերիկյան լարվածության դիմաց. ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, համաշխարհային բորսայում Թուրքիայի նյութական կորուստը մեկ գիշերվա ընթացքում հասել է 63 մլրդ դոլարի:

ԱՄՆ-ի հետ դիվանագիտական լարվածության ֆոնին թուրքական լիրայի ռեկորդային արժեզրկման մասին բարձրաձայնել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահներից Այքութ Էրդողդուն, որը նշել է, որ թուրք-ամերիկյան վիզային ճգնաժամի միայն մեկ գիշերը համաշխարհային բորսայում Թուրքիային արժեցել է շուրջ 63 մլրդ դոլար:

Լարվածության առաջին իսկ ժամերից թուրքական լիրան սկսել է կտրուկ արժեզրկում գրանցել ամերիկյան դոլարի նկատմամբ. այժմ արդեն Թուրքիայի քաղաքացիները մեկ դոլարը գնում են ռեկորդային բարձր՝ նվազագույնը 3.7 լիրայով:

Հայտնի է նաև, որ համաշխարհային բորսայում թուրքական լիրան դարձել է վերջին ամսում ԱՄՆ դոլարի նկատմամբ ամենակտրուկ անկումը գրանցած ազգային արժույթը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցը ձերբակալվել էր Ստամբուլում՝ անցյալ տարի տապալված հեղաշրջման համար մեղադրվող ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեղադրանքով: Դրանից հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրման դադարեցման մասին:

ԱՄՆ-ի հետ վիզային ճգնաժամի պատճառով Թուրքիան բորսաներում մեկ գիշերվա ընթացքում 63 մլրդ դոլար է կորցրել