Նիցցայի Սբ. Աստվածածին եկեղեցին որոշել է վերամիավորվել Առաքելական եկեղեցուն․Էջմիածնական եկեղեցու ներկայացուցիչները առաջարկելու են իրենց պայմանները

14:31 • 13.10.17

Ֆրանսիայի Նիցցա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու` նախկինում կարգալույծ արված հոգևորականները որոշել են վերամիավորվել հայ առաքելական եկեղեցուն․այս մասին տեղեկատվությունը է հրապարակվել Ֆրանսիայում հրապարակվող «Նոր Հառաջ» պարբերականում: Նշված է, որ Նիցցայի Սուրբ Աստվածածին եկեղեցու  ծխական խորհրդի քարտուղար հայտարարել է, որ ժողով են հրավիրել և ժողովում եղած քվեարկության արդյունքում 198 հարցվողներից միաձայն համաձայնությունը ստանալով՝ որոշել են միանալ հայ առաքելական եկեղեցուն:

Նիցցայի Էջմիածնական եկեղեցու ատենապետ Արթին Օքսայանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք կհամաձայնվեն սուրբ Աստվածածին եկեղեցու կարգալույծ արված հոգևորականների՝ իրենց միանալուն միայն այն դեպքում, երբ կատարվեն իրենց կողմից եղած պայմանները:

«Միայն իրենց որոշումով չեն կարող մտնել: Դեռ պետք է Փարիզի (նկատի ունի՝ Ֆրանսիայի հայոց թեմը–Tert.am) սրբազանի, մեզ հետ հանդիպեն, քննարկենք, մենք մեր պայմաններն առաջարկենք: Եթե մեր պայմաններն ընդունեն, ինչո՞ւ չէ, կարելի է միավորվել »,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Նիցցայի հայ համայնքում հոգևորականների միջև պառակտումներն սկսվել են սրանից տասը տարի առաջ՝ 2007 թվականից։ Սուրբ Աստվածածին եկեղեցու ընկերակցությունը չի ընդունել թեմական նոր կանոնադրությունը և սկսել է չճանաչել թեմի իշխանությունը: Դրան ի պատասխան՝ Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի 2012թ. հունվարի 26-ի, այնուհետև Նիցցայի դատարանի որոշմամբ այն զրկվել է «Հայ առաքելական եկեղեցի» տիտղոսից»:

Էջմիածնական եկեղեցու ատենապետի խոսքով՝ իրենց՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու ընկերակցությանն ուղղված ամենակարևոր պահանջը Ֆրանսիայի Հայոց թեմի կանոնադրությունն ընդունելն է: «Դա բոլոր եկեղեցիներն ընդունել են»,- նկատեց նա:

Արթին Օքսայանը դժվարացավ ասել, թե ինչու է տասը տարի հետո Հայ առաքելական եկեղեցուց հեռացած կրոնական ընկերակցությունը որոշել միանալ Հայոց թեմին:

«Մենք մեր պայմանները նրանց տարիներ շարունակ ներկայացրել ենք, եթե հիմա նրանք ընդունեն կանոնադրությունը, կարող ենք նստել սեղանի շուրջ և խոսել»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե կարգալույծ արված հոգևորականների իրենց միանալուց հետո, արդյոք համայնքում պառակտումներն ավելի շատ չեն լինի՝ հաշվի առնելով հնարավոր այն տարբերակը, որ մարդիկ չեն հասկանա, թե ում պետք է հետևեն, Արթին Օքսայանը նշեց․ «Դեռ այդ փուլին չեն հասել: Դեռ հարցը պետք է քննարկվի: Իրենք հիմա որոշել են Էջմիածնական եկեղեցուն միանալ: Բայց միայն իրենց ուզելով չէ, պետք է, որ Փարիզն էլ ուզի՝ Հայոց թեմի առաջնորդը, իսկ նա ներկայացնելու Վեհափառի տեսակետը»,- ասաց նա՝ նշելով, որ համայնքում այնուամենայնիվ դրական է ընկալվում միացումը, քանի որ չեն ցանկանում, որ պառակտումներ լինեն:

 

Նիցցայի Սբ. Աստվածածին եկեղեցին որոշել է վերամիավորվել Առաքելական եկեղեցուն․Էջմիածնական եկեղեցու ներկայացուցիչները առաջարկելու են իրենց պայմանները