ՀՀ-ում ներդրվում է տեխնոլոգիայի վերջին խոսքը, ինչը երկիրն առաջատար է դարձնում. Պ. Սվիտալսկին՝ էլ-կառավարման համակարգի մասին

11:55 • 17.10.17

«Էլ-կառավարման համակարգերի մշակում արդարադատության ոլորտում» շնորհանդեսին այսօր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր բացման խոսքում նախ շնորհավորեց Արդարադատության նախարարությանը ծրագրի հաջող իրականացման համար և կարևորեց, որ այս ծրագրերը լավ արդյունքներ են բերել:

«Այս ծրագրի ֆինանսավորումը կազմել է երկու միլիոն եվրո, որը մեծ գումար չէ, բայց շատ կարևոր, լավ օրինակ է կոնկրետ ծրագրի առումով, որն ուղղված է հասարակ քաղաքացիների կարիքներին: Մենք ուզում ենք, որ հասարակ քաղաքացին զգա, որ մեր համագործակցությունը արդյունք է տալիս»,-ասաց նա:

Դեսպանը նշեց, որ էլեկտրոնային կառավարման համակարգի հիմնական շահառուները կարող են լինել Հայաստանից դուրս ապրողները: «Յուրաքանչյուրը, ով ունի դրսում գործարք կատարելու խնդիր, կզգա, թե ինչ լավ միջոց էլեկտրոնային համակարգը»,-ասաց նա և նշեց, որ դա կնպաստի քաղաքացիների ակտիվությանը թվային համակարգում։

Անդրադառնալով էլեկտրոնային նոտարական ծառայությանը՝ Պյոտր Սվիտալսկին այն ևս կարևորեց:

«Այս ամենը նպաստում է կոռուպցիայի նվազեցմանը, օգտակար է չարաշահումների դեմն առնելու համար ոչ միայն այստեղ, այլ բոլոր երկրներում: Այս ծրագիրը ապագային է միտված: Հայաստանում ներդրվում է տեխնոլոգիայի վերջին խոսքը, ինչը նպաստում է ոչ միայն անջրպետը հաղթահարելու, այլ նաև Հայաստանին առաջատար է դարձնում մյուսների նկատմամբ։ Անգամ Եվրամիության երկրների համեմատ սա առաջադեմ քայլ է համարվում»,-ասաց նա:

Դեսպանը նկատեց, որ Հայաստանը փորձում է նոր տեխնոլոգիաներ կիրառել, ինչի շնորհիվ կարող է բոլորից առաջ անցնել, ինչը կարևոր է որպես երկիր նաև ինքնագնահատականի համար:

Նա հայտնեց, որ մտածում են նոր հանձնառություններ ստանձնել. նախատեսում են 20 միլիոն եվրո ծախսել էլեկտրոնային կառավարումն այլ ոլորտներում ներդնելու համար: