Շատ բավարարված ենք ՀՀ իշխանությունների հետ ունեցած մեր համագործակցությամբ. ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավար
Եվրոպայի խորհուրդը գումար վճարող չէ, այլ պարզապես համագործակցում է Հայաստանի հետ. Tert.am-ի հարցին, թե արդյո՞ք գոհ են հայաստանյան իշխանությունների իրականացրած բարեփոխումներից, բավականին մեծ գումար են «վճարել» Հայաստանում բարեփոխումներ տեսնելու համար, այսպես պատասխանեց Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:
«Հայաստանը Եվրախորհրդի անդամ է 2001 թվականից: Մենք նկատում ենք, որ օրենքները, որոնք ընդունվում են Հայաստանում և կիրառվում, եվրոպական չափանիշներին համապատասխանում են, դա նաև ցույց է տալիս այն գործերի թիվը, որոնք կան Հայաստանի դեմ Եվրոպական դատարանում: Այո, մենք շատ բավարարված ենք Հայաստանի իշխանությունների հետ ունեցած մեր համագործակցությամբ: Մենք տեսնում ենք նրանց ցանկությունը՝ մոդեռնիզացնելու օրենսդրական դաշտը»,- ասաց նա:
Նատալյա Վուտովայի խոսքով՝ իրենց համար առավել կարևոր են դատական համակարգում եղած բարեփոխումները: «Մենք շատ ենք ցանկանում, որ դատական համակարգը Հայաստանում շատ ուժեղ լինի, որ Հայաստանն ունենա շատ որակյալ դատավորներ: Մենք կարևորում ենք նաև կոռուպցիայի դեմ պայքարը բարձրագույն ուսումնական հաստատություններում, ցանկանում ենք փոխել և՛դասախոսների, և՛ ուսանողների հոգեբանությունը, որ կոռուպցիան իսկապես մեծ խնդիր է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միությունն այսօր ներկայացրել
են Հայաստանի դատական համակարգի, իրավապահ մարմինների և կրթական ոլորտի մի շարք ծրագրերի արդյունքները: 2015-2017 թվականներին «Գործընկերություն՝ հանուն արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացված չորս ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է 2,4 միլիոն եվրո:










