Ղարաբաղյան հակամարտության կողմերն այժմ ավելի են հեռացել համաձայնության ձեռքբերումից. ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ (տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված հակամարտություն չէ, մարդիկ, ովքեր օգտագործում են այդ արտահայտությունը, սխալ են. այն շատ վտանգավոր հակամարտություն է: Այդ կարծիքն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Քերի Կավանոն հոկտեմբերի 18-ին ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ:
«Կանխելով Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմը. ԱՄՆ-ի և ԵԱՀԿ-ի դերը» թեմայով ճեպազրույցին մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու նախկին ամերիկացի համանախագահները՝ Քերի Կավանոն և Ջեյմս Ուորլիքը:
Մինսկի խմբի նախկին համանախագահը նշել է, որ վերջին շրջանում երեք փոփոխություն է տեղի ունեցել, որոնք հակամարտությունն ավելի խնդրահարույց են դարձնում:
Նախևառաջ, նրա խոսքով, դա վերաբերում է հակամարտության կողմերի դիրքորոշումներին:
«Ղարաբաղյան հակամարտության կողմերն այժմ ավելի են հեռացել համաձայնության ձեռքբերումից»,- ասել է Կավանոն:
Նախկին համանախագահը նշել է, որ տարածաշրջան բերված սպառազինության տեսակներն ու քանակությունն է՛լ ավելի բարդ իրավիճակ են ստեղծում: Զենքի ձեռքբերումները մեծապես փոխել են իրավիճակը տարածաշրջանում: Նա նշել է, որ զենքի առկայությունը խնդիր է եղել տասնամյակների ընթացքում, բայց զինատեսակների քանակը և տեսակները, որ բերվել են տարածաշրջան վերջին շրջանում, շատ ավելի վտանգավոր իրավիճակ են ստեղծել:
Բացի այդ, որպես երրորդ հանգամանք նա նշել է, որ Հարավային Կովկասը մեծ փոփոխությունների է ենթարկվել այս շրջանում:
Կավանոյի վստահեցմամբ՝ հարկավոր է հիշել, որ Հարավային Կովկասն ինքնին կայուն չի եղել, այստեղ եղել են նշանակալի զարգացումներ և փոփոխություններ: Նա հիշեցրել է, որ Երևանը, Բաքուն, Թբիլիսին այլևս նախկին Խորհրդային միության քաղաքները չեն: Տնտեսական ինտեգրման առումով մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, նաև փոփոխություններ՝ քաղաքական առումով: Եվ դա է՛լ ավելի առաջնահերթ է դարձնում տարածաշրջանում խաղաղության պահպանումը:
«Ինչպես հակամարտությունն ինքնին ժամանակի ընթացքում փոխել է իր դինամիկան, այնպես էլ միջնորդական գործընթացն է փոփոխվել»,- ասել է Կավանոն:
Խոսելով բանակցությունների և միջնորդական ջանքերի մասին՝ նա նշել է, որ տարիների ընթացքում բանակցային սեղանին է դրվել գրեթե ամեն տեսակի լուծում, որ հնարավոր էր պատկերացնել: Նա հավելել է, որ հիասթափություն կա, որ այդ մեխանիզմը դեռևս հաջողության չի հասել:
Նա հավելել է, սակայն, որ ժամանակներ են եղել, երբ կողմերն իսկապես մոտեցել են փոխզիջման ձեռքբերմանը: Այդ պատճառով սխալ կլինի հաջողության բացակայության համար մեղադրել մեխանիզմը, այն իրականում աշխատել է այնպես, ինչպես պետք է աշխատեր, նշել է նա:
Խոսելով ԵԱՀԿ միջնորդության դերի մասին՝ նա նշել է, որ հակամարտությունն արժանանում է զգալի ուշադրության: «1997 թվականից ի վեր չի եղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, որ չիմանար Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին»,- հավելել է համանախագահը: Շատ ամերիկյան նախագահներ հաճախ չեն իմանում այս մասշտաբների հակամարտությունների մասին աշխարհի այլ անկյուններում, ԵՄ գրեթե բոլոր երկրների պաշտոնյաները, արտգործնախարարները գիտեն այս հակամարտության մասին, ասել է նա՝ նշելով, որ ԵԱՀԿ-ն հսկայական քաղաքական ուշադրություն է գրավում հակամարտության ուղղությամբ, մասամբ ինչի շնորհիվ էլ է՛լ ավելի շատ բռնություն չի գրանցվել հակամարտության գոտում:
Կավանոն նշել է նաև, որ հակամարտությունն առաջացնում է միջազգային հանրության անհանգստությունն այն պատճառով, որ պատերազմի բռնկման դեպքում այն հեշտությամբ կարող է ներգրավել տարածաշրջանի մյուս դերակատարներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը հոկտեմբերի 18-ին ճեպազրույց կանցկացնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով:










