ԼՂ հարցում կողմերի դիրքորոշումներն իրականում այնքան էլ հեռու չեն. Ջեյմս Ուորլիք

14:05 • 19.10.17

Ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշումներն իրականում բավական մոտ են՝ չնայած զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հոկտեմբերի 18-ին ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ տեղի ունեցած քննարկումների ժամանակ:


«Կողմերը եկել են մի կետի, երբ առաջ շարժվելու հարցում նրանց դիրքորոշումներն այնքան էլ հեռու չեն իրարից՝ չնայած լրատվամիջոցների հաղորդումներին: Կողմերը մի քանի անգամ գրեթե հասել են համաձայնության, և վերջին անգամ դա 2011 թվականին է եղել»,- ասել է նա:


«Կանխելով Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմը. ԱՄՆ-ի և ԵԱՀԿ-ի դերը» թեմայով ճեպազրույցին մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու նախկին ամերիկացի համանախագահները՝ Քերի Կավանոն և Ջեյմս Ուորլիքը, ինչպես նաև Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Մագդալենա Գրոնոն:


«Երբ ես 2013 թվականին ստանձնեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը, շփման գծի երկայնքով իրավիճակն անկայուն էր և վտանգավոր: Սպառնալիքը, որը պետք է վերացվեր, դիպուկահարների ներկայությունն էր, որոնք պարբերաբար կրակում էին՝ զոհերի և վիրավորների պատճառ դառնալով: ԵԱՀԿ Մինսկի խմբում ինձ նախորդած համանախագահներն ուղիներ են փնտրել հրադադարն ամրապնդելու և դիպուկահարների գործողությունները կանխելու համար: Այսօր սպառնալիքը շատ ավելի մեծ է: Կողմերը շփման գծի երկայնքով տեղակայել են ծանր զինատեսակներ»,- ասել է Մինսկի խմբի նախկին համանախագահը:


Ուորլիքը նշել է, որ այս զինատեսակների կիրառման հետևանքով ավելացել է զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում:


«Սխալ հաշվարկի և բռնկման հետ կապված վտանգները մեծ են, քան երբևէ: Մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը երկարատև խաղաղության հաստատման համար»,- նշել է Ուորլիքը:


«Այժմ անհրաժեշտ է ճանապարհ գտնել օգնելու համար կողմերին ձեռնարկել վերջին համարձակ քայլը՝ առկա անհամաձայնությունները վերացնելու և խաղաղության և կայունության հասնելու համար»,- հավելել է նախկին համանախագահը:


Ուորլիքը նշել է, որ այնուամենայնիվ, կողմերն անվստահություն են տածում միմյանց նկատմամբ, մեծացել է երիտասարդ սերունդ, որը միմյանց անմիջականորեն ճանաչելու փորձ չունի:


Ըստ նրա՝ խաղաղության առավելությունները գերակշռում են փակուղային իրավիճակին և թույլ են տալիս խուսափել վերսկսված ռազմական գործողությունների աղետալի հետևանքներից:


Մինսկի խմբի նախկին համանախագահն ընդգծել է, որ Հայաստանն անմիջապես կշահի բաց սահմաններից, ավելի մեծ անվտանգությունից, առևտրի, ճանապարհորդության, հարևանների հետ շփումների նոր հնարավորություններից:


Ադրբեջանը կվերացնի զարգացման ամենաառանցքային խոչընդոտը՝ փախստականներին և ներքին տեղահանված անձանց հնարավորություն տալով հաշտեցման և վերադարձի:


Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, ըստ նրա, կազատվի մեկուսացման և կախվածության բանտից:


«Մենք պետք է ողջունենք դեմ առ դեմ հանդիպումները, բայց առանց առարկայական առաջընթացի՝ դրանք կարող են հիասթափություն բերել կողմերին»,- ասել է Ուորլիքը՝ խոսելով օրերս կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման մասին:


ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Քերի Կավանոն իր հերթին հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերն այժմ ավելի են հեռացել համաձայնության ձեռքբերումից: