Մենք աշխատում ենք, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվի որքան հնարավոր է շուտ․ ԵՄ-ը գրասենյակի պարզաբանումը՝ համաձայնագրի ստորագրման հետաձգման մասին

09:52 • 24.10.17

Մենք աշխատում ենք, որ Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության  համաձայնագիրը ստորագրվի որքան հնարավոր է շուտ․ Tert.am-ի հարցմանը`արդյոք հնարավո՞ր է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը հետաձգվի, այսպես են պատասխանել Եվրամիության լրատվական ծառայությունից:

«Մինչ դա, համաձայնագրի նախագիծը կարիք ունի անցնելու տարբեր ներքին ընթացակարգեր, այդ թվում՝ թարգմանության և անդամ պետությունների ներպետական ընթացակարգեր: Առաջընթացն այս հարցում հնարավորինս արագ է ընթանում: Կարևորն այն է, որ բանակցություններն ավարտվեցին, և նախաստորագրում տեղի ունեցավ, և որ Եվրամիության և Հայաստանի կողմից հստակ հանձնառություն և ցանկություն կա` հնարավորինս շուտ կնքելու համաձայնագիրը»,- հարցմանն ի պատասխան նշել են Եվրամիության լրատվական ծառայությունից:

Նշենք, որ հայաստանյան փորձագիտական շրջանակներում քննարկվում է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, ինչպես ակնկալվում է՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում՝ նոյեմբերի 24-ին տեղի չի ունենալու։ Որոշ փորձագետներ անգամ չեն հավատում համաձայնագրի ստորագրմանը: 

Ավելի վաղ տարածվում էր նաև վարկած, ըստ որի` երեք երկրներ դեռ չեն թարգմանել համաձայնագրի տեքստը, սակայն այն Tert.am-ի ստացած պատասխանով հերքվեց.  Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը ԵՄ հանձնաժողովի կողմից թարգմանվել է Եվրամիության բոլոր լեզուներով, բացի իռլանդերենից:

«Իռլանդական իշխանությունների հետ համաձայնության արդյունքում, ներկայումս ոչ բոլոր փաստաթղթերն են թարգմանվում իռլանդերեն»,- նշված էր պարզաբանման մեջ: