Լևոն Հայրապետյանի ընտանիքին նախագահ Սերժ Սարգսյանի անունից ցավակցական հեռագիր հղվել է. խոսնակ
Արցախցի բարերար Լևոն Հայրապետյանի ընտանիքին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ցավակցական հեռագիր հղվել է:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը՝ մանրամասնելով. «Մահվան օրը Նախագահի անունից ցավակցական հեռագիր է ուղարկվել Լևոն Հայրապետյանի ընտանիքի անդամներին»:
Հիշեցնենք, որ մամուլում և սոցիալական ցանցերում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, թե ինչու ՀՀ նախագահի մակարդակով ցավակցություն չի ուղարկվել բարերարի ընտանիքին:
Հարցին, թե, ուրեմն, ինչո՞ւ այս մասին չի հայտնվել ո՛չ ՀՀ Նախագահի պաշտոնական կայքում, ո՛չ այդ մասին որևէ հաղորդագրություն է տրվել, Վլադիմիր Հայրապետյանը պատասխանեց. «Ցավակցական հեռագրերը լինում են, և ըստ նպատակահարմարության կամ անհրաժեշտության է դրանց մի մասը հրապարակվում: Այնպես չէ, որ բոլորը հրապարակվում են»:
Հիշեցնենք, որ հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը մահացել էր հոկտեմբերի 18-ին՝ Մոսկվայի բանտում։ Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանում քրեական հետապնդման ենթարկված Լևոն Հայրապետյանը տևական ժամանակ քաղցկեղով հիվանդ էր, և նրա փաստաբանները վերջինիս խափանման միջոցը փոխելու հարցն էին բարձրացնում, որն այդպես էլ չփոխվեց։










