Ջորջ Բուշ-ավագին մեղադրել են կնոջ ներկայությամբ մեկ այլ կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար
Երեսունչորսամյա դերասանուհի Հիզեր Լինդը պատմել է, որ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագն անվասայլակին գամված լինելու ժամանակ նրա նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություն է կատարել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ամերիկյան դերասանուհին 93-ամյա նախկին նախագահի արածի մասին պատմել է Instagram-ում ու մի քանի լուսանկար հրապարակել:
«Մի քանի տարի առաջ, երբ մենք Ջորջ Բուշ-ավագին հանդիպելու հնարավորություն էինք ստացել, նա սեռական ոտնձգություն է կատարել իմ հանդեպ, երբ լուսանկարվելու համար կանգնել էի նրա կողքին: Նա ձեռքս չսեղմեց, բայց անվասայլակին լինելով հանդերձ՝ ձեռքը հետևից տարավ ու դիպչեց ինձ: Իսկ մինչ այդ նրա կինը՝ Բարբարա Բուշը, կանգնած էր մյուս կողմում: Դրանից հետո նա լկտի անեկդոտ պատմեց»,-գրել է Լինդը:
Դերասանուհին մանրամասնել է, որ Բուշ-ավագն այդքանով չի բավարարվել ու 2-րդ անգամ է իրեն դիպչել:
«Բարբարան այնպիսի հայացք գցեց՝ կարծես ասում էր՝ նորից չանես»,-վերհիշել է կինը:
Նա հավելել է, որ դրանից հետո նախկին ղեկավարի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկն իրեն ասել է, որ լուսանկարվելիս չպետք է կանգներ նախկին նախագահի կողքին:
Դրան ի պատասխան Բուշ-ավագն ասել է, որ երբեք, ոչ մի դեպքում միտումնավոր որևէ մեկին անհանգստություն չէր պատճառի: Նա անկեղծորեն ներողություն է խնդրել նրա համար, որ հումոր անելու իր փորձը վիրավորել է Լինդին:













