Հոկտեմբերի 27-ի գործն ամբողջությամբ մութ է, բայց այդքան էլ բարդ չէ բացահայտել այն. Արամ Զ. Սարգսյան (տեսանյութ)
1999թ.-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությունը չի բացահայտվի գործող իշխանությունների պարագայում: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը` Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը:
Հարցին՝ հնարավո՞ր է բացահայտել «Հոկտեմբերի 27»-ի գործը, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ հանրության 99 տոկոսը կարծում է, որ այդ իրադարձությունները բացահայտված չեն և միայն 1 տոկոսն է պնդում, որ դրանք բացահայտված են: «Այդ 1 տոկոսը իշխանության մեջ է, այդ 1 տոկոսը այն համակարգերն են, որոնք ներառում են դատական, օրենսդիր, գործադիր մարմինները, որոնք վտանգ են տեսնում բացահայտումներից, ամեն ինչ անելու են, որ գործը չբացահայտվի: Հետևաբար, մեր հանրության 99 տոկոսը կարծում է, որ գործը կբացահայտվի այն պարագայում, երբ Հայաստանում լինի ռեալ իշխանափոխություն, համակարգի փոփոխություն»,- շեշտեց Արամ Սարգսյանը:
Պատգամավորի խոսքով՝ ներկայիս իշխանությունները նախորդ իշխանությունների ժառանգորդն են և հոկտեմբերի 27-ին էլ նրանք իշխանություն էին: «Եթե այս իշխանությունները ցանկություն ունենային բացահայտելու այն, բազմաթիվ հանգամանքներ կային, որոնց հիման վրա կարող էին բացահայտել, բայց նրանք չունեն նման ցանկություն, ինչն էլ կասկածների տեղիք է տալիս»,- ասաց Ա. Սարգսյանը:
Ըստ նրա՝ կան բազմաթիվ փաստարկներ, որոնց պատասխանները գտնելը բարդ չէ: «Ինչո՞ւ առաջին օրվանից այդ տարիների նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ դա «ուչաստկովիի» գործ է, պետք է պարզել, թե ովքեր էին դահլիճում ներկա, ովքեր էին բացակա, ինչո՞ւ էին որոշ խմբակցություններ ամբողջությամբ բացակա: Երկրի իշխանությունները գլխատված էին, մնացել էր մեկ մարդ՝ նախագահը, որը գնաց ոճրագործի հետ բանակցության և այդ բանակցությունները չէին վերահսկվում, չէին ձայնագրվում կամ տեսագրվում, ինչո՞ւ:
Բանակցող միակ լեգիտիմ մարդու՝ նախագահի, անվտանգությունը չէր ապահովվում: Այն մարմինը, որը պետք է ապահովեր դա, գործից չհեռացվեցին հանցավոր անգործության համար, հակառակը՝ պաշտոններ ու շքանշաններ ստացան: Տեսանկարահանումները, որոնք տեղի են ունեցել դահլիճում և իրական ժամանակները իրար հետ չեն համընկնում, հետևաբար, առաջ է գալիս տեսաժապավենների մոնտաժման խնդիրը: Դատարանում բազմաթիվ խայտառակող, աղաղակող փաստեր կան, որոնք հարցեր են առաջացնում: Զենքերը իրենք հետնե՞րն են բերել խորհրդարան, թե դրանք մինչև ԱԺ մտնելն էին շենքում: Հարցերի շարանը մեծ է: Լուրջ չբացահայտված հարցեր կան նաև Արմենակ Արմենակյանի սպանության հանգամանքում, ո՞ւմ գնդակից է նա սպանվել: Այս գործն ամբողջությամբ մութ է, բայց այդքան էլ բարդ չէ գտնել այս հարցերի պատասխանները»,- շեշտեց Արամ Սարգսյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է առաջարկի ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որպեսզի վերաբացվի գործի քննությունը, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ պարզապես աղմուկ հանելու համար չի կարծում, որ գործը վերսկսել է պետք, «դա որևէ արդյունք չի տա, քանի դեռ քննչական, դատական ներկայիս համակարգերը պետք է քննեն այն»:
«Նույնիսկ փոքր օրենսդրական հարցերում մենք ԱԺ-ում փորձում ենք փոփոխություններ մտցնել, բայց ոտքները մեկ կոշիկի մեջ դրած չեն ընդունում, մտածում են՝ կպարտվեն, ջղաձգվում են, նեռվայնանում են, չեն կարողանում ղեկավարողի, պաշտոնյայի դիրքերում մնալ: Սա նշանակում է, որ այս իշխանությունները պատրաստ չեն իշխանություն լինել: Իրենց իշխանավոր չեն զգում: Սկսել մի բան, որ հետո ասելու են, թե շահարկման համար ենք արել... արդյունք չի տալու»,- ավելացրեց Արամ Սարգսյանը:










