Կատալոնիայի խորհրդարանը հայտարարել է Իսպանիայից անկախանալու մասին (տեսանյութ)

17:41 • 27.10.17

Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին քվեարկել է Իսպանիայից անկախանալու օգտին, հայտնում է BBC-ն: Բանաձևի օգտին է քվեարկել 72 պատգամավոր, դեմ է հանդես եկել 10 պատգամավոր, ձեռնպահ են մնացել 2-ը:


Նախօրեին շրջանի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հրաժարվել էր արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Մադրիդի ներկայացրած պահանջից:


Ի պատասխան անկախության հռչակման՝ Մադրիդը պատրաստվում է շրջանում սահմանել անմիջական կառավարում: Հոկտեմբերի 21-ին Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել էր, որ գործարկում է Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս ինքնավար համայնքում սահմանափակել ինքնիշխանությունը:


Սպասվում է, որ Իսպանիայի սենատը հոկտեմբերի 27-ին հավանության կարժանացնի համապատասխան բանաձևը, որն ուժի մեջ կմտնի հաջորդ օրը: