Ոստիկաններին Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդ պահվող երեխային անվնաս հանել են սենյակից, պատանդառուն փորձել է ինքնավնասում կատարել (թարմացված, լուսանկարներ)
20։37
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը սոցցանցում գրառում է կատարել` մանրամասներ ներկայացնելով դեպքի առնչությամբ։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հոկտեմբերի 30-ին, ժամը 16.25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ: Ներս խուժած անձը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահում մեկ երեխայի: Մանկապարտեզ խուժած տղամարդու հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, ինչից հետո կիրառվել է հատուկ միջոց։ Պատանդառուն փորձել է ինքնավնասում կատարել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ այս պահին բուժօգնություն է ցուցաբերվում»։
20։30
ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ով բանակցել է պատանդառուի հետ, լրագրողներին տեղեկացրել է, որ պատանդ պահված 3–ամյա երեխան անվնաս է։
Զինված անձը փորձել է ինքնավնասել իրեն և ոստիկանները հատուկ գործողություն են իրականացրել։
20։20
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդ պահվող 3-ամյա երեխան դուրս է բերվել։ Նրան վտանգ չի սպառնում։ Երեխային տարածքից հեռացրել են նրա ծնողները: Զինված անձը, հավանաբար, վնասազերծվել է։
Հաղորդվում է, որ մանկապարտեզի ներսում երկու վնասվածք ստացած անձ կա։
Մանկապարտեզից հեռացրեցին նաև զինված անձին: Առայժմ պաշտոնական տեղեկատվություն չկա դեպքի հետ կապված:
20։00
Չնայած ոստիկանության հաղորդած տվյալների, ըստ որոնց, Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ ներխուժած տղամարդը միայն 3-ամյա երեխայի վերցրել, մանկապարտեզի շուրջը հավաքվածներից ոմանք, պատմեցին, որ իրենց հարազատներից, որոնք աշխատում են մանկապարտեզում, նույնպես նորություն չունեն: Մանուշակ մանկապարտեզի շուրջը հավաքվածներից Գոհար Բաղդասարյան անունով ներկայացած մի կին լրագրողների հետ զրույցում պատմեց, որ իր աղջկանից՝ Սեդա Մարտիրոսյանից, որը դայակ է աշխատում մանկապարտեզում, ինքը երկու ժամ է տեղեկություն չունի:
Նա պատմեց, որ ինքը ժամը 17։00–ին է զանգել է աղջկան, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի է եղել, այդ ժամանակվանից աղջկանից տեղեկություն չունի: Ասաց, որ ինքը եկել է դեպքի վայր, իրեն ասել են, որ իր աղջիկն էլ է ներսում: Նշեց, որ ինքն իր հեռախոսը իր հետ չի վերցրել, աղջկա հեռախոսահամարն էլ չի հիշում, որ նորից զանգի: «Տեղեկություն չունեմ իմ աղջկանից: Ես լսել եմ դեպքի մասին, եկել եմ այստեղ: Ինքը գործի է գնացել, տուն չի եկել, ո՞նց կարելի է»,- ասաց նա:
Ներկաներից մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ իր մայրը՝ Սոնյա Հովհաննիսյան, որը նույնպես մանկապարտեզում դայակ է աշխատում, նույնպես աշխատանքից տուն չի եկել: «Ես ոչ մի տեղեկություն չունեմ, ոչ մի բան չեմ կարող ասել: Երկու ժամ է, ես իմ մայրիկից տեղեկատվություն չունեմ»,- ասաց նա՝ նշելով, որ ինքը իր մայրիկի հետ է ապրում, եթե մանկապարտեզից դուրս եկած լիներ, կտեսնեին:
19։34
Նախնակական տվյալներով՝ «Մանուշակ» մանկապարտեզ ներխուժած անհայտ անձը պատանդ վերցրած երեխային չի վնասել
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի ավագ տեսուչ, ավագ լեյտենանտ Մարտուն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում այս պահին տեղի ունեցող իրադարձությունները:
Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները ահազանգ ստանալուց հետո ժամանել են դեպքի վայր և արդեն դեպքի վայրում պարզել, որ մանկապարտեզ մտած անձը անձը 3-ամյա մի երեխայի հետ առանձնացել է մի սենյակում և ներկայացրել է անձնական պահանջներ:
«Այս պահին իրավապահ կառույցների ներկայացուցիչներն են ներսում և պատանդառուն՝ 3-ամյա երեխայի հետ: Իրավապահ մարմինները բանակցում են պատանդ վերցնողի հետ»,- ներկայացրեց նա՝ նշելով, որ մնացած երեխաներին ոստիկանները կարողացել են հանել մանկապարտեզից:
Դեպքի հետ կապված տուժածների մասին խոսելիս նա նշեց, որ այս պահի դրությամբ հիվանդանոցներից քաղաքացու տեղափոխման ահազանգ չի եղել: Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ մանկապարտեզ պատգարակ է տարվել, ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ հնարավոր է՝ ինչ-որ մեկը վիրավորում ստացած լինի, այդ մասին կիմանան շտապօգնություն ցուցաբերելուց հետո:
Մարտուն Սիմոնյանի խոսքով, նախնակական տվյալներով, պատանդառուն երեխային չի վնասել:
18.00
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ ներխուժած անձը դանակի սպառնալիքով պահանջում է նախկին կնոջը. ներսում է գտնվում 1 երեխա (թարմացված, լուսանկարներ)
Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզ դանակով ներխուժած անհայտ անձը պահանջում է իր կնոջը, որը մանկապարտեզի աշխատակից է:
Այս պահին մանկապարտեզի շենքում է տնօրենը, որը տղամարդու զոքանչն է և նաև 1 երեխա:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, արմավիրցի Ռուստամ Գասպարյանը, ով այս պահին գտնվում է մանկապարտեզի շենքի մոտ:
«Պահանջում է կնոջը: Ասում են, որ վնասել է մանկապարտեզի տնօրենին՝ զոքանչին, ականջի մոտ խփել է»,-պատմեց Ռուստամ Գասպարյանը:
Այս պահին զենքով մանկապարտեզ ներխուժած անձի հետ բանակցություններ են վարվում:
17.53
«Մանուշակ» մանկապարտեզում հարձակում գործած անձը դայակներից մեկի ամուսինն է, վնասել է կնոջը և զոքանչին
Արմավիրում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզում դանակով հարձակում գործած անձը, Tert.am-ի տեղեկություններով, մանկապարտեզում աշխատող դայակներից մեկի ամուսինն է:
Ինչպես հայտնեց Արմավիրի բնակիչներից մեկը, ամուսինը և կինը խնդիրներ են ունեցել, բաժանվել են: Մանկապարտեզում աշխատում է նաև այդ կնոջ մայրը, և այնտեղ ներխուժած տղամարդը վնասել է թե՛ կնոջը, թե՛ զոքանչին:
Հայտնի է նաև, որ կնոջը հաջողվել է փախչել և տղամարդը պատանդ է վերցրել երեխաներին` պահանջելով կնոջը:
17.30
Դանակով զինված տղամարդը ներխուժել է Արմավիրում գտնվող մանկապարտեզ և պատանդ է պահում աշխատակիցներին և երեխաներին
ՀՀ ոստիկանությունն այսօր՝ ժամը 16.20-ին Արմավիրում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզից ահազանգ է ստացել, որ մի անձ դանակով մտել է մանկապարտեզ և հարձակվել իրենց վրա։
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Shamshyan.com կայքը հայտնում է, որ Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզում տղամարդը պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության և քննչական վարչության աշխատակիցները։ Ճշտվում է, թե ինչ պահանջ է ներկայացրել պատանդառուն։













