Ի սկզբանե պարզ էր, որ Հայաստանին թույլ չէր տրվի այդ պրոյեկտին մասնակցել. Ջոնի Մելիքյանը՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մասին
Այն պրոցեսը, որ ընթանում էր Թուրքիայի և Ադրբեջանի միջև, նրանց ակտիվ մասնակցությունը, Ադրբեջանի ֆինանսավորումը հաշվի առնելով՝ ի սկզբանե պարզ էր, որ Հայաստանին թույլ չէր տրվի այդ պրոյեկտին մասնակցել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին:
«Սա քաղաքական պրոյեկտ է, որ պետք է միացնի Թուրքիան Ադրբեջանի հետ և շարունակվի դեպի Կենտրոնական Ասիա: Հիմնականում Վրաստանի տարածքով Եվրոպա գնացող, ռուսական շուկա գնացող մեր ուղին կմնա նույնը, ինչպես եղել է, այնպես էլ կշարունակվի: Այդ զուգահեռ ճանապարհի ստեղծումը մեզ այդքան էլ վատ իրավիճակի մեջ չի գցում, մենք ունենք այն, ինչ ունենք»,-կարծիք է հայտնել վրացագետը:
Նրա խոսքով՝ սա այլընտրանքային պրոյեկտ է, որը, ըստ վրացական կողմի, թույլ է տալիս իրենց դառնալու տարածաշրջանային խավ: Բայց այս պարագայում տարածաշրջանային խավ դառնում է Ադրբեջանը, որը միացնում է Եվրոպան Ասիայի հետ, Չինաստանի հետ, կան նաև Ռուսաստան-Ադրբեջան-Իրան երկաթգիծ կառուցելու պլաններ:
«Վրաստանն այդտեղ մի քիչ վատ իրավիճակում է հայտնվում, քանի որ կան նաև բացասական խնդիրներ: Ստացվում է նոր, զուգահեռ ուղի, որն այլընտրանք է վրացական նավահանգիստներին: Այն քանակությամբ բեռները, որ այսօրվա դրությամբ հիմնականում գնում էին Փոթի կամ Բաթումի և այնտեղից դեպի Եվրոպա, այս երկաթգիծը այդ բեռները որոշ չափով կքաշի իր կողմը»,-պարզաբանել է Ջոնի Կիրակոսյանը
Նրա տվյալներով՝ 2012թ. մինչ օրս վրացական երկաթգծով բեռնափոխադրումները նվազել են: Սա նշանակում է, որ այս երկաթգծի պարագայում վրացական ակտիվ երկաթգծով բեռնափոխադրումներն էլ ավելի կնվազեն:
«Տարվա վերջում իրենք այսպես կոչված «դարի պրոյեկտ» են սկսում՝ Անակլիայի նավահանգստի կառուցումը, որը լուրջ նախագիծ է, որտեղ ամերիկյան ընկերություն կա, փորձում են չինացիներին բերել: Պետք է հիշել, որ Փոթիի ինդուստրիալ գոտու մեծ մասն անցել է չինական ընկերությանը, ինչը նշանակում է, որ չինացիները Փոթիում իրենց նախագծերն ունեն: Չեմ կարծում, որ իրենք իրենց բեռներն ուղղեն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծ. վրացիները վերջին տարիներին, չնայած ապահովագրեցին իրենց տնտեսությունն ինչ-որ չափով ներդրումներով, բայց այդ երկաթգիծը պարտքով է կառուցվել: Ի վերջո, Վրաստանն այդ 770 մլն-ը տարեկան 2 տոկոսով պետք է վերադարձնի Ադրբեջանին: Թե այդ երկաթգիծն օգտագործելն ինչ կտա, որ իրենք 20 կամ 30 տարում վերադարձնեն այդ գումարը, հարց է մնում»,-ասել է վրացագետը:










