Առաջին սպառման ապրանքների կեսի դեպքում գնանկում կա. Վարդան Արամյան

18:54 • 04.11.17

2018 թվականին պետական բյուջեով կրճատվել են կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտի ծախսերը, ինչը փորձագիտական մակարդակում դժգոհություն է առաջացրել: Դժգոհության հիմնական պատճառն այն է, որ կրճատվել են հանրային ծառայության ոլորտի ծախսերը, իսկ սրան գումարվում է նաև գնաճային ճնշումները:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ 2018 թվականին բյուջեով սոցիալական պարտավորությունների աճի մասով ունենալու ենք զսպված վարքագիծ, որպեսզի հետագայում տնեսական կայուն աճի համար հիմք ստեղծվի:

Հարցին՝ արդյո՞ք եկամուտների չավելացման պարագայում գնաճը սոցիալական նոր խնդիրներ չի առաջացնելու, որը կրկին պետության վրա է ծանրանալու, Վարդան Արամյանը պատասխանեց.«Այս հարցն ինչո՞ւ չէր առաջացել, երբ անցյալ տարի մենք  դեֆլյացիա ունեցանք: Կարող էին ասել, որ  դեֆլյացիա ունենք, հիմա բերեք որոշակի ծախսերի օպտիմալացում  անենք՝ X տեղում կրճատենք, Y -ում ավելացնենք, ինչի՞ չէին ասում»:

Ֆինանսների նախարարը սխալ է համարում այն մոտեցումը, որ գնաճի մասին խոսելուց ընդամենը մի քանի ապրանքի մասին են խոսում:

Դիտարկմանը, որ թանկացել են առաջին սպառման ապրանքները, Արամյանն արձագանքեց. «Մոտեցումը, երբ նայում եք մեկ-երկու ապրանքատեսակով, ճիշտ չէ, հացն ու կաթնամթերքն նույնպես առաջին սպառման են, իսկ այստեղ 9 ամսով գնանկում է եղել: Ճիշտ եք ասում՝ միսը հունվար-սեպտեմբեր ամիսներին թանկացել է, մանավանդ, խոզի միսը 30 տոկոսից ավել է թանկացել: Բայց 500 տեսակի սպառման ապրանքներից առնվազն 150-ն առաջին սպառման են, եթե նայեք, ապա կտեսնեք, որ առաջին սպառման ապրանքներից մինիմում կեսում էլ գնանկում կա»:

Վարդան Արամյանը նկատեց, որ ՀՀ-ում գնաճը նույնիսկ ցածր է, քանի որ չի հասնում նախապես սահմանված չափին: Նախարարը հավելեց, որ 12 ամսվա մասով գնաճը 1 տոկոս է, իսկ միջին հունվար-սեպտեմբերին՝ 0.6 տոկոս է:

 

 

ՀեղինակԱնի Օհանյան
Առաջին սպառման ապրանքների կեսի դեպքում գնանկում կա. Վարդան Արամյան