Ալագյազում վստահված անձը քվեարկության եկողներին ինչ-որ բան էր բացատրում. պարզաբանեց՝ «մերոնք են, բացատրում եմ՝ ինչպես ընտրեն» (տեսանյութ)
Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում մեկնարկած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում այսօր Ալագյազի 17/01 ընտրատեղամասում ներկայիս համայնքապետ Ազիզ Մհոյանի վստահված անձանցից մեկը՝ քվեաթերթիկի նմուշը ձեռքին, ընտրատեղամասի դռների հետևում հավաքվածներին եզդիերենով ինչ-որ բան էր ցույց տալիս:
Tert.am-ի հարցին` ի՞նչ է անում՝ նա պատասխանեց. «Մերոնք են, ցույց եմ տալիս, թե ինչպես քվեարկեն, չգիտեն»: Հետո նա պարզաբանեց՝ իր բարեկամներն են՝ տատիկը, կինը և այլն:
Հարցին, թե ինչու է ընտրատեղամասի դռների հետևում կանգնած, ներս չի գնում, հետաքրքիր չէ՞ իրեն, թե ներսում ինչ է կատարվում, նա պատասխանեց, թե ներսում էլ վստահված անձիք կան, սպասում է, որ նրանք դուրս գան, նոր ինքը մտնի:
Հիշեցնենք, որ այսօր հանրապետության մի շարք համայնքներում համայնքների ղեկավարների և ավագանու անդամների ընտրություններ են:
Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում համայնքապետի պաշտոնի համար պայքարում է 6 թեկնածու, որոնցից 4-ը Հանրապետական կուսակցության անդամ են: Այստեղ համայնքապետի պաշտոնի համար պայքարում են Ալագյազի գործող գյուղապետ Ազիզ Մհոյանը և նաև Ջսամ Մախմուդովը, ով ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հայրն է:










