Գյուղացին չի ուզում ռիսկի դիմել, չի ուզում ծառ տնկել, քանի որ սպասում է, որ պետությունը պետք է իրեն փարոս, նպաստ տա. Արենի համայնքի ԲՀԿ–ական թեկնածու

18:20 • 05.11.17

Արփի գյուղում 36/4 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վահրամ Հայրապետյանը, ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից է, Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ գյուղի  908 ընտրողից 435–ը ընտրել է: «Ընտրություններն ընթանում են խաղաղ պայմաններում առանց միջադեպի, քաշքշուկի, ծեծկռտուքի: Երեք թեկնածու կա, երեքն էլ լավ տղերք, տեսնենք, թե ով կհաղթի»,-ասաց նա և նշեց, որ խախտումներ չեն արձանագրվել, մրցակցությունն ընթանում է «բայեվո»։

«Համայկական երիտասարդական ասոցիացիայի» անդամ Բադիկ Բաղդասարյանը նշեց, որ նորմալ ընտրություններ են ընթանում, ոչ մի խախտում չի արձանագրվել: «Եթե այսպես ընթանա մինչև վերջ, շատ լավ կլինի»,-ասաց նա: 

Վստահված անձինք ևս վստահեցրեցին, որ ընտրատեղամասում խնդիրներ չեն առաջացել:

Արփիի գյուղապետ, Արենի համայնքի թեկնածու Ռազմիկ Վարդանյանը նշեց, որ հնարավոր է մանր-մունր խախտումներ լինեն: «Մենք նման բաներից չենք կախվում, մեր ժողովուրդը երեք թեկնածուներին էլ ճանաչում է, շատ լավ մարդկային հարաբերություններ կան. ով կհաղթի, նրան էլ կշնորհավորենք»,-ասաց նա և նշեց, որ լարվածություն չկա:

Գյուղապետը նկատեց, որ թեև համայնքների խոշորացման ծրագիրը կդժվարացնի աշխատանքները, սակայն, քանի որ ղեկավարությունը որոշել է գնալ այս քայլին, իրենք որոշել են մասնակցել ընտրություններին: «Մենք ի սկզբանե դեմ ենք եղել խոշորացմանը»,-ասաց նա:

Հարցին, թե խոշորացումից դժգո՞հ են, նա պատասխանեց, թե գյուղացին ամեն ինչից դժգոհում է: «Գյուղացին պետք է մի լավ բան պատկերացնի, որ ինքը սպառողից պետք է փոխվի արտադրողի: Քանի դեռ մտածում է, որ պետությունը պետք է օգնի իրեն, որ ապրի, գյուղացին լավ չի ապրելու»,-ասաց նա` հավելելով, որ գյուղացին պետք է  գյուղատնտեսությամբ զբաղվի:

Հարցին`իրացման խնդիր կա՞, նա բացասական պատասխան տվեց։

«Գյուղացին չի ուզում ռիսկի դիմել, չի ուզում ծառ տնկել, քանի որ սպասում է, որ պետությունը պետք է իրեն փարոս, նպաստ տա։ Իր մի կովը մորթում է, որ նպաստ ստանա»,-ասաց նա և նշեց, որ դրան զուգահեռ կան գյուղացիներ, ովքեր աշխատում են, առանձնատներ ունեն, արտասահմանյան մեքենաներ են վարում:

Ինչ վերաբերում է իշխանական լծակների օգտագործմանը, նա կոչ արեց չբամբասել: «Դժվար կարողանան ինձ ճնշել, ինձ ամսի վերջին կարող եք շնորհավորել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր` նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում ՀՀԿ-ի թեկնածուն է Ռինդի գործող ՀՀԿ-ական գյուղապետ Հուսիկ Սահակյանը, ԲՀԿ-ի թեկնածուն է Արփիի ԲՀԿ-ական գյուղապետ Ռազմիկ Վարդանյանը, ինչպես նաև  ինքնաառաջադրվել է Արենիի գործող գյուղապետ, անկուսակցական Րաֆֆի Խաչատրյանը:


Գյուղացին չի ուզում ռիսկի դիմել, չի ուզում ծառ տնկել, քանի որ սպասում է, որ պետությունը պետք է իրեն փարոս, նպաստ տա. Արենի համայնքի ԲՀԿ–ական թեկնածու