Ալագյազ գյուղում ընտրողների մեծ մասը ուղեկցողների հետ է քվեարկություն կատարում, քվեարկողները հայերենին չեն տիրապետում (տեսանյութ)
Արագածոտնի մարզի 17/01 ընտրատեղամասում, որը Ալագյազ գյուղում է, ընտրողների մեծ մասը ուղեկցողների հետ է քվեարկություն կատարում. եզդիական համայնքի բնակիչները հայերենին չեն տիրապետում, այդ պատճառով էլ դիմում են օգնության:
Տեղամասի հանձնաժողովի նախագահ Արթուր Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ հանգամանքն ընտրության գործընթացին չի խանգարում: Դիտարկմանը, թե գուցե ուղեկցողի փոխարեն ուղղորդողներ լինեն, նա պատասխանեց, որ աշխատում են այնպես անել, որ հնարավորինս խուսափեն նման իրավիճակներից:
Մյուս դիտարկմանը, որ Ալագյազի ընտրություններին մասնակցող թեկնածուներից որոշների վստահված անձինք ընտրատեղամասերից դուրս կանգնած մարդկանց ինչ-որ բան են ներկայացնում, նա պատասխանեց, որ դրսում հավաքվածները գրանցված վստահված անձինք են, եթե նկատի, որ նրանք ուղղորդում են ընտրողներին՝ սահմանված կարգով կմիջամտի:
Նշենք, որ այս տեղամասում ներկայացել են միայն թեկնածուների վստահված անձինք, ո՛չ տեղական, և ոչ էլ միջազգային դիտորդներ մինչև մեր խոսելու պահը չէին եկել: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը դժվարացավ նշել պատճառը. նշեց, որ գուցե հետո գան:
Հիշեցնենք, որ այսօր հանրապետության որոշ համայնքներում ՏԻՄ ընտրություններ են:
Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում համայնքապետի պաշտոնի համար պայքարում է 6 թեկնածու, որոնցից 4-ը Հանրապետական կուսակցության անդամ են: Այստեղ համայնքապետի պաշտոնի համար պայքարում են Ալագյազի գործող գյուղապետ Ազիզ Մհոյանը և նաև Ջսամ Մախմուդովը, ով ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հայրն է:










