Ընտրատեղամասերի մոտ անցուդարձ անող Աչաջուրի գյուղապետը լրագրողի հետ խոսել չի ցանկանում

Տավուշի մարզի Աչաջուր համայնքի գործող ղեկավար, համյանքապետի թեկնածու Կամո Ղալթախչյանը ընտրատեղամասերի մոտ անցուդարձ էր անում: Թեկնածուն սակայն հրաժարվեց Tert.am-ի հարցերին պատասխանել՝ նշելով, որ ցանկություն չունի:
Թե ինչպե՞ս է շանսերը գնահատում և արդյոք մյուս մրցակիցների կողմից խախտումների մասին ահազանգ ստացե՞լ են և այդ պատճառո՞վ է շրջում տեղամասերով, Կամո Ղալթախչյանը չպատասխանեց. «Հետո, հետո, հիմա ժամանակը չէ»:
Նշենք, որ Աչաջուրում առաջադրվել է 4 թեկնածու՝ ավագանու գործող անդամ Սևադա Ղուկասյանը, գործող գյուղապետ Կամո Ղալթախչյանը, Տաթև Գասպարյանը, ով 1996-99 թթ-ին գյուղապետ էեղել, Կարեն Ղալթախչյանը, ով մինչև 2015 թվականը համայնքի ավագանու անդամ է եղել։
4 թեկնածուներից 3-ը հանրապետական են, իսկ Սևադա Ղուկասյանը՝ Դաշնակցության անդամ է։Նրանք բոլորն էլ ինքնաառաջադրվել են։
Նշենք, որ համայնքում ընտրությունները բավական ակտիվ են, առաջադրված մրցակիցներից Կամո Ղալթախչյանը և Տաթև Գասպարյանը վաղեմի թշնամիներ են: Երկու թեկնածուների նկատմամբ էլ քրեական գործ են հարուցվել, գործող գյուղապետի դեմ՝ գյուղապետարանում գումարներ յուրացունելու կասկածանքով, նախկին գյուղապետի դեմ՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու և աչաջուրցիներին Կառավարությունից որպես օգնություն տրամադրված 183 միլիոն դրամը շորթելու համար։ Քրեական գործերի մի մասը կարճվել է և մրցակիցներն իրար մեղադրում են իրար դեմ «գործ սարքելու մեջ»:









