Բողոքող բնակիչները բացել են Գետափ-Մարտունի ճանապարհը

15:04 • 06.11.17


17.45


Գետափ-Մարտունի ճանապարհը բնակիչները բացել են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը:

«Մարզպետը զրուցել է գյուղացիների հետ, հորդորել է գյուղացիներին խաղաղ ձևով բացել ճանապարհը, այլոց համար խնդիրներ չառաջացնել: Բացի այդ, բնակիչներին ասվել է, որ ճանապարհը փակելու առիթ չկա, որովհետև ընտրություններն անցել են բնականոն հունով, խախտումներ չեն եղել»,- ասաց մարզպետի տեղակալը:

Նրա խոսքով՝ այդ կերպ համայնքի բնակիչներն իրենց աջակցությունն են հայտնել իրենց թեկնածուին:


16.15


Ժամը 16:00-ի դրությամբ Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը շարունակումէ փակ մնալ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը. «Ճանապարհը դեռ շարունակում է փակ մնալ, մարզպետը, գյուղապետի թեկնածուն շարունակում են բանակցություններ վարել բնակիչների հետ, որպեսզի ճանապարհը բացվի»:

Սամվել Թարվերդյանն ասաց, որ իրավիճակը լարված չէ, այն կարգավորվում է ոստիկանության ծառայողների կողմից

13.15 


Վայոց Ձորի մարզի Շատին համայնքի և հարակից համայնքների բնակիչները փակել են դեպի Մարտունի տանող ճանապարհը և պահանջում են անվավեր ճանաչել նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Նշենք, որ խոշորացած համայնքում համայնքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանը:

Tert.am-ի տեղեկություններով համայնքների բնակիչները պահանջում են, որպեսզի ընտրությունների արդյունքները չեղարկվեն և համարում են, որ ընտրվել է  Շատինի նախկին համայնքապետ Տիգրան Խուդոյանը: 

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ բնակիչները փակել են որոշակի ճանապարհահատված.«Բնակիչները փակել են Գետափ- Մարտունի ճանապարհահատվածը: Նշված վայրում են գտնվում ոստիկանության ծառայողները, ովքեր պահպանում են հասարակական կարգը»:

Թե ինչ են պահանջում բնակիչները, Վայոց ձորի մարզպետարանից մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանն ասաց, որ ճանապարհը փակել են հիմնականում Շատին համայնքի բնակիչները.«Շատին գյուղապետ Խուդոյանը դրել էր իր թեկնածությունը Եղեգիս խոշորացված համայնքում ընտրվելու համար, սակայն անհրաժեշտ ձայներ չի հավաքել և չի ընտրվել»:

Սամվել Թարվերդյանը նաև հայտնեց, որ նշված վայր է մեկնել Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, չընտրված թեկնածուն, ով բնակիչներին հորդորում է բացել ճանապարհը, որովհետև խնդիրներն այդ կերպ չեն լուծվում:

Հիշեցնենք, որ Եղեգիս համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր չորս թեկնածու: Շատինի նախկին համայնքապետ Տիգրան Խուդոյանը ստացել է 1816 ձայն, Արմեն Սետրակյանը՝ 15 ձայն, Մամիկոն Սմբատյանն ստացել է 37 ձայն, իսկ Արթուր Ստեփանյանը ստացել է 1952 ձայն և ընտվել համայնքի ղեկավարի պաշտոնում:

 

Բողոքող բնակիչները բացել են Գետափ-Մարտունի ճանապարհը