Ախթալայում, Ճամբարակում և Ալագյազում ինքնաառաջադրված անկուսակցականները հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուներին

09:30 • 06.11.17

Նոյեմբերի 5–ին հանրապետության 69 համայնքներում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մրցակցային ընտրություններ ընթացել են հատկապես խոշորացման արդյունքում միավորված համայնքների ղեկավարների միջև, ինչպես նաև Տավուշի մարզի Աչաջուր համայնքում: Որպես կանոն, ընտրվել կամ վերընտրվել են Հայաստանի Հանրապետական կուսակցության արդեն գործող համայնքի ղեկավարները՝ չնչին բացառություններով պարտվելով անկուսակցական ինքնառաջադրվածներին:

Դիտարկումը վերաբերում է ինչպես այն համայնքներին, որտեղ գրանցված էին մեկական թեկնածուներ, այնպես էլ այն համայնքներին, որտեղ համեմատաբար մրցակցային պայքար կար: Շեղումը հիմնական միտումից գրանցվել է Ախթալա  ու Ճամբարակ քաղաքներում, որտեղ ՀՀԿ–ական թեկնածուները պարտվել են անկուսակցական ինքնաառաջադրվածներին:

Ախթալայում հանրապետական գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, ստանալով 1374 քվե, պարտվել է Ճոճկան համայնքի նախկին ղեկավար, ինքնաառաջադրված անկուսակցական Արկադի Թամազյանին։ Երրորդ թեկնածուն՝ Ախթալայի նախկին քաղաքապետ, հանրապետական Սուրեն Թամազյանն ստացել է 287 ձայն:

Հատկանշական է, որ նախկին երեք ընտրություններում այս երեք թեկնածուները մշտապես առաջադրվել են, սակայն նախորդ անգամներում հաղթել էր Հայկազ Խաչիկյանը:

Հանրապետական կուսակցության թեկնածուներ են ընտրվել Ապարանում, Գորիսում, Կապանում, Սիսիանում, Քաջարանում, Ալավերդիում, Ստեփանավանում, Արենիում, Արտաշատում, այլ համայնքներում:

Ապարանում ընտրողների ցուցակում ընդգրկված 18 105 ընտրողներից ՝10 868-ը կողմ է քվեարկել քաղաքապետի միակ թեկնածու, Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված «Գնթունիք» ընկերության հիմնադիր Կարեն Եղիազարյանին: Դեմ քվեարկածների թիվը եղել է 278. անճշտությունների գումարային չափը՝ մեկ:

Արտաշատում 4 571 ձայնով ընտրվել է միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ից առաջադրված Կարեն Բենիամինյանը: Նշենք, որ մարզում կա ընտրության իրավունք ունեցող 21 600 քաղաքացի: Ըստ որում՝ անվավեր քվեաթերթիկների թիվը 77 է, իսկ 134-ն էլ դեմ են քվեարկել նրա թեկնածությանը:

Սյունիքի Կապան համայնքում 12 538 քվեով ընտրվել է միակ թեկնածու, ՀՀԿ-ական և ՀՀԿ-ից առաջադրված համայնքի գործող ղեկավար Աշոտ Հայրապետյանը, 5073 ընտրող, սակայն, դեմ է քվեարկել նրան:

Սիսիանում գրանցված միակ թեկնածուն՝ հանրապետական, գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանը վերընտրվել է 10 457 քվեով:

Իսկ ԲՀԿ-ից առաջադրված Կարեն Համբարձումյանը, հիշեցնենք, որ քարոզարշավի վերջին օրերին հանեց իր թեկնածությունը, սակայն նրա անունը արդեն տպագրված էր քվեաթերթում, ստացել է 1922 քվե: Անվավեր քվեների թիվը եղել է 253։

Քաջարանում 4 232 ձայներով վերընտրվել է համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ից առաջադրված հանրապետական Մանվել Փարամազյանը: 96 հոգի դեմ է քվեարկել նրան:

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում 6 914 ձայներով ընտրվել է  միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ից առաջադրված և ՀՀԿ-ական, Լոռու մարզպետարանի կանանց և երեխաների իրավունքների բաժնի պետ Սասուն Խեչումյանը:

Լոռու մարզի Ստեփանավան համայնքում 5 028 քվեով վերընտրվել է համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ից առաջադրված Միքայել Ղարաքեշիշյանը: 112 հոգի, սակայն, դեմ է քվեարկել նրան:

Ըստ նախնական տվյալների՝ Գորիսի քաղաքապետ է ընտրվել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, 26-ամյա Առուշ Առուշանյանը՝ գրեթե 100%-ով: 13 164 քաղաքացի է մասնակցել ընտրություններին, որից 12 945-ը քվեարկել է Առուշ Առուշանյանի օգտին, իսկ երկրորդ թեկնածու, Գորիսի նախկին քաղաքապետ  Սամվել Հարությունյանի օգտին՝ 56 ընտրող: 163 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Գեղարքունիքի Ճամբարակ քաղաքում, որտեղ թեժ պայքար էր ընթանում գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական և ՀՀԿ-ից առաջադրված Յուրի Ավալյանի և «Գեգամետ» ընկերության ջարդիչ տեղամասի պետ Վազգեն Ադամյանի միջև, գործող քաղաքապետը չի վերընտրվել իր 1424 քվեով, քանի որ նրա մրցակիցը՝ Վազգեն Ադամյանը ստացել է 4349 քվե:

Տավուշի մարզի Աչաջուր համայնքում, որտեղ պայքարում էին ՀՀԿ-ական, ինքնաառաջադրված Տաթև Գասպարյանը, համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ական, սակայն՝ կրկին ինքնաառաջադրված Կամո Ղալթախչյանը, նրա ազգական, հանրապետական և կրկին՝ ինքնաառաջադրված Կարեն Ղալթախչյանն ու ինքնաառաջադրված ՀՅԴ անդամ Սևադա Ղուկասյանը, հաղթել է Կարեն Ղալթախչյանը ստացած 952 քվեով,  Տաթև Գասպարյանն ստացել է 557 քվե, Կամո Ղալթախչյանը՝ 623, իսկ դաշնակցական թեկնածուն՝ 114 քվե:

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում, որի գործող ղեկավար, անկուսակցական Նորաին Հակոբյանը երեկ բարձրաձայնում էր, որ նախկին մարզպետը ահաբեկում է մարդկանց ոչ ավել, ոչ պակաս Սերժ Սարգսյանի անունից՝ իրենց թեկնածուին պաշտպանելու համար, ստացել է 2467 քվե, նրա հիմնական մրցակից, հանրապետական և ՀՀԿ-ից առաջադրված, խոշորացման արդյունքում Ծաղկահովտին միացած Հնաբերդ համայնքի նախկին ղեկավար  Գոռ Հակոբյանը՝ 2366, իսկ երրորդ թեկնածուն՝ անկուսակցական Համլետ Սահակյանը՝ 26 քվե: Անճշտությունների գումարային չափն էլ այս գյուղում եղել է զրո:

Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում, որտեղ գրանցված էր վեց թեկնածու, որոնցից չորսը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, 449 քվեներով գյուղապետ է ընտրվել անկուսակցական Ջասմ Մախմուդովը, որն ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հայրն է:

Խոշորացված Ռյա Թազա համայնքի նախկին ղեկավար, հանրապետական Ահմա Բրոյանը ստացել է 138 քվե, համայնքի գործող ղեկավար, հանրապետական Ազիզ Մհոյանը՝ 374 քվե, Միրաք համայնքի նախկին ղեկավար, հանրապետական Ալիկ Նամոյանը՝ 10, անկուսակցական ինքնաառաջադրված Անզոր Ուռուսյանը՝ 262: Իսկ Կամիաշիր համայնքի նախկին ղեկավար, հանրապետական Թեմուր Տալոյանն էլ, վերջին պահին հանել էր թեկնածությունը:

Կոտայքի մարզի Բյուրեղավան գյուղում, որտեղ գրանցված է ընտրության իրավունք ունեցող 8773 ընտրող, 3235–ի կողմ քվեով վերընտրվել է համայնքի գործող ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հակոբ Բալասյանը: 739-ը, սակայն, դեմ են քվեարկել համայնքի գործող ղեկավարին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է 243 335 ընտրող, կամ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 50,06 %-ը։ Ընդհանուր առմամբ 69 համայնքում գրանցված էր ընտրելու իրավունք ունեցող 486 106 քաղաքացի։

Մասնակցության ամենաբարձր՝ 78.33% ցուցանիշը գրանցվել է Ենոքավան համայնքում. այստեղ ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 406 քաղաքացիներից 318–ը։

Ամենացածր մասնակցության ցուցանիշը՝ 15,42 %, գրանցվել է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում, որտեղ 2522 ընտրողից ընտրությանը մասնակցել է 389 ընտրող: