Արենիում ծնողները երեխաներին դպրոցից տուն են տարել ի նշան բողոքի, որ նորընտիր գյուղապետն իրենց գյուղից չէ. գյուղի բնակիչ
Արենի գյուղի բնակիչ Կիմ Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին ծնողները երեխաներին դպրոցից տարել են տուն` որպես բոյկոտ: «Այս պահին Արենիում բոյկոտ է, բնակիչները հավաքվել են մի մարդու նման և որոշում են, որ Արենիի գյուղապետը մնա Արենիում կամ մեկ ուրիշը լինի, բայց անպայման Արենիից: Արենցին պետք է կառավարի Արենին, թող առանձնանա Արենին»,-ասաց նա:
Նա նշեց, որ եթե հնարավոր է կառավարման մեխանիզմը պետք է փոխվի: «Ով անցել է, թող նստի իր գյուղում, չգա մեր գյուղ, քանի որ ժողովուրդը նրան չի ընդունում»,-ասաց նա:
Բնակիչը նաև նշեց, որ պահանջում են դպրոցի տնօրենի հրաժարականը, քանի որ վերջինս դպրոցում զբաղվել է քաղաքականությամբ, և դեմ է գնում գյուղացիներին: «Ժողովրդի կողմից այդ ամենը ընկալվում է որպես դավաճանություն սեփական գյուղի նկատմամբ»,-ասաց նա:
Արենի համայնքի արդեն նախկին գյուղապետ Րաֆֆի Խաչատրյանը, ով նաև առաջադրել էր իր թեկնածությունը ասաց, որ տեղյակ չէ, թե ինչով է հիմնավորված գյուղացիների պահանջը: «Նոր եկան ինձ էլ տեղեկացրին, ես հիմա գնում եմ դպրոց, հասկանամ, թե ինչ է կատարվում այնտեղ»,-ասաց նա:
Նա նշեց, որ որևէ խնդիր չունի դպրոցի տնօրենի հետ և վերջինս պատշաճ կատարում է իր աշխատանքը: Նա նշեց, որ տեղյակ է գյուղացիների դժգոհություններից և փորձել է հանգստացնել: Նախկին գյուղապետն ասաց, որ անձամբ ընտրությունների արդյունքները ընդունում է, քանի որ դա փաստ է:
Հիշեցնենք, որ Արենի համայնքում տեղի ունեցած ընտրություններում հաղթել է Ռինդ գյուղի գյուղապետ, ՀՀԿ-ական Հուսիկ Սահակյանը:
Արենի համայնքում միավորվել է թվով 9 բնակավայր՝ Արենին, Ագարակաձորը, Աղավնաձորը, Արփին, Գնիշիկը, Ելփին, Խաչիկը, Չիվան և Ռինդը:














