Ախալցիխեում պահանջում են փակել թուրքական սրճարանները, որտեղ, ըստ բնակիչների, նաև սեռական ծառայություններ են մատուցվում

12:12 • 11.11.17

Ախալցիխե–Թբիլիսի ճանապարհին գտնվող Տավարնի համայնքում երեք տղամարդու թուրքական սրճարան չթողնելու պատճառով վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով այդ երեք քաղաքացիները կալանավորվել են, ինչից հետո տեղացիները ցույցն են արել նրանց ազատ արձակելու և քաղաքում թուրքական սրճարանները փակելու պահանջով:

Ախալցիխե քաղաքի բնակիչ Ս. Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ պատճառն այն է, որ համայնքում գործող սրճարաններից մեկը թույլ չի տվել ազգությամբ վրացի երիտասարդներին մուտք գործել սրճարան՝ պատճառաբանելով, որ այնտեղ մուտքը թույլատրված է միայն ազգությամբ թուրքերին:

«Տավարնի համայնքում, որտեղ նաև հայեր են ապրում, բողոքի ակցիաներ են ընթանում: Տեղացիները բողոքում են փակել Ախալցիխեում ու կից համայքներում սրճարանները, որոնք այլ նպատակ են հետապնդում: Անունը սրճարան է, սակայն դրանք իրականում հասարակաց տներ են, որտեղ շինարարական ընկերություններում աշխատող թուրքերը բավականին բարձր են վճարում: Ախալցիխեում նման հաստատությունների թիվը գերազանցում է մի քանի տասնյակը,«-ասաց Վարդանյանը:

Տավարնի համայնքի մեկ այլ բնակիչ՝ Ն. Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ երիտասարդներին կալանավորելու պատճառը եղել է այն, որ տվյալ սրճարանի աշխատակից կանայք զանգահարել են ոստիկանություն և հայտնել, թե երիտասարդները ցանկանում են առանց իրենց թույլտվության մտնել սրճարան:

ՆԳՆ-ի լրատվական ծառայությունից Tert.am-ին հայտնեցին, որ Վրաստանի Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի բաժնի ծառայողները ստացած ահազանգի հիման վրա բերման են ենթարկել, այնուհետև 10-օրյա վարչական կալանքի ենթարկել երեք քաղաքացու՝ 1995-ին ծնված Գ.Կ-ին, 1984-ին ծնված Ի.Բ.-ին և 1995-ին ծնված Լ.Բ.-ին:

«Նշված քաղաքացիները մտել են թուրքական սրճարան, որտեղ գտնվել են Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիներ, սկզբից վիճաբանել, իսկ այնուհետև վեճը վերածել ծեծկռտուքի, ինչի հետևանքով Թուրքիայի քաղաքացիներից մեկը վնասվածք է ստացել գլխի շրջանում»,-հայտնեցին ոստիկանությունից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն:

Tert.am-ը տեղի ոստիկանության լրատվական ծառայությունից նաև տեղեկացավ, որ նոյեմբերի 10-ի երեկոյան Ախալցիխեում կատարված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում երեք կին բերման է ենթարկվել ոստիկանություն:

Հետաքննությամբ հաստատվել է, որ նշված անձինք որպես մարմնավաճառ ծառայություններ են մատուցել քաղաքում գործող թուրքական բարում:

Հետաքննությունը շարունակվում է:

Ախալցիխեում մեդիա վերլուծաբան Էդուարդ Այվազյանը Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ վերջին օրերին Ախալցիխեում թուրքական բարերի ու նմանատիպ հաստատությունները փակելու պահանջով մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել:

Հարցին, թե քաղաքային իշխանությունն ի՞նչ պատասխան է տվել ցուցարարներին, Այվազյանն ասաց.«Քաղաքապետարանի կողմից պաշտոնական պատասխան չկա, օպերատիվ-հետախուզական աշխատանքներ իրականացնում է ոստիկանությունը: Ախալցիխեում մի քանի վայր կա, որտեղ մուտքը թույլատրվում է միայն Թուրքիայի քաղաքացիներին, որտեղ երաժշտական միջոցառումներ կան և այդ միջոցառումների անվան տակ այլ ծառայություններ են մատուցում, բնակչության բողոքը դրա դեմ է»:

Ի պատասխան հարցի, թե կալանավորվածների կամ բերման ենթարկվածների մեջ ազգությամբ հայե՞ր կան, Այվազյանը բացասական պատասխան տվեց: