Հնարավոր է, որ արտաքին պարտքը հատի $7 մլրդ-ը, սակայն դեֆոլտ չի սպառնում՝ ՀՀ-ն այն կարող է նաև բնական ռեսուրսներով մարել. Գ. Մակարյան

20:19 • 12.11.17

«Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ, փորձագետ Գագիկ Մակարյանի խոսքով՝ Հայաստանին դեֆոլտ չի սպառնում: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ շատ մեծ անհանգստություն չկա, քանի որ Հայաստանը 2 տարիների ընթացքում՝ մինչև եկող տարի, ՀՆԱ-ի աճ է ունենալու:

«Դեֆոլտ կարող է տեղի ունենալ, եթե երկիրը անհուսալի դիտարկվի պարտքերը մարելու տեսանկյունից, բայց Հայաստանն ունի բավականին շատ բնական ռեսուրսներ, որոնք նաև կարող են գործի դրվել: Այսինքն՝ պետության անվճարունակությունը միայն այդ փողը կամ իր գումարային մարման ռեժիմները չեն: Վերջին հաշվով կարող են նաև ռեսուրսներով մարել»,- ասաց նա:

Գագիկ Մակարյանի խոսքով՝ հնարավոր է, որ Հայաստանը մոտենա արտաքին պարտքի համար նախատեսված 7 մլրդ դոլարի շեմին, գուցե անցնի, բայց դա այնքան էլ կրիտիկական պահ չէ:

«Մենք տեսնում ենք, որ կառավարության ծրագրով նախատեսված է, որ ամեն տարի միջինը 5 տոկոս աճ է լինելու, և բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվելու, թեկուզ և Եվրամիության և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացում, որոնցից էլ մենք վերցնում ենք արտաքին պարտքը: Պետք է հաշվի առնենք, որ մենք պատրաստվում ենք Եվրամիության հետ կնքել համաձայնագիր»,- ասաց նա:

Փորձագետը նկատեց, որ արտաքին պարտքը կարող է ենթադրել նաև ներդրումային ծրագրեր:

«Կապիտալ ներդրումներով կարելի է արտաքին պարտքը մեծացնել: Եթե մենք գնում ենք կապիտալի զարգացման ճանապարհով,ապա պարտքի բեռը կարող է տեղափոխվել մասնավորի վրա և պետական պարտքը շատ չաճի՝ այս խելամիտ կամ խորամանկ քայլի շնորհիվ»,-ասաց նա։

Գագիկ Մակարյանի խոսքով՝ անգամ կառավարության հնարավոր փոփոխությունն առանձնապես «երկրաշարժ» չի առաջացնի մեր տնտեսությունում: Նա նկատեց, որ եթե ներկայիս բարձրագույն իշխանությունները դեմ լինեին այսօրվա կառավարության առաջարկած բարեփոխումներին, ապա կարտահայտվեին:

«Տրամաբանությունն ասում է, որ եթե անգամ կառավարությունը եկող տարի փոխվի, նույն ռազմավարությունը պետք է շարունակվի»,- ասաց նա՝ հավելելով, որ անգամ եթե ներկայիս նախագահը վաղը վարչապետ լինի, կձգտի ավելի լավ աշխատել, որովհետև ներկայիս վարչապետին հաջորդողը ևս պետք է դրական վարկանիշ ստեղծի, ավելի լավ աշխատի, որպեսզի իր վարկանիշը չընկնի:

Գագիկ Մակարյանը շեշտեց, որ Հայաստանը, Եվրամիության «թևի տակ» մտնելով, կարող է իր շատ խնդիրներ լուծել:

«Եթե այս անգամ էլ մենք ԵՄ-ին խաբենք կամ պարզունակ քայլով խուսափենք ստորագրել նրա հետ համաձայնագիրը, ապա ինքը կարող է մտածել մեզ համար խնդիրներ ստեղծելու մասին՝ որպես պատասխան: Մենք Եվրամիության հետ, ըստ համաձայնագրի, միասին ենք շատ քայլեր անելու: Ճիշտ է, դա քաղաքական համաձայնագիր է, բայց իր տնտեսական նշանակությունը շատ մեծ է, որովհետև տնտեսության բոլոր բաժինները հաշվի առնված են՝ փոքր և միջին ձեռնարկություններ, էլեկտրոնային առևտուր, առևտրի խթանում, հարկային և մաքսային ոլորտներում փոփոխություններ և այլն»,- ասաց նա:

Գագիկ Մակարյանը արտաքին քաղաքականությունը կապեց մեր տնտեսության զարգացման հետ: Նա նկատեց, որ վերջին տարիներին մեր արտաքին քաղաքականությունը բավականին կատարելագործվել է։

«Շատ նուրբ է այն տարվում: Եթե մենք դիտարկում ենք նախագահի այցերը տարբեր երկրներ, հանդիպումները տարբեր նախագահների հետ, թե տարբեր միջազգային կոնֆերանսներում իր ելույթներում ինչ է ընդգծվում և թեկուզ նաև Հռոմի պապի այցը և Հայաստանի ճանաչելիությանն ուղղված քայլերը՝ տեսնում ենք, որ շատ ներդաշնակեցված է մեր արտաքին քաղաքականությունը, և Հայաստանի հանդեպ հատկապես վերջին ժամանակաշրջանում աճել է ուշադրությունը։ Դրա արդյունքում և՛ տուրիզմն է խթանվել, և՛ երկրի հանդեպ հետաքրքրությունն է մեծացել»,- ասաց նա:

Գագիկ Մակարյանի խոսքով՝ եթե Հայաստանը բարեփոխումներ էլ իրականացնի, ավելի գրավիչ կդառնա:

«Բայց դրա հետ մեկտեղ էլ պետք է հաշվի առնենք, որ Հայաստանի տնտեսական պոտենցիալը՝ ժողովրդի ճկունության, աշխատասիրության հաշվին, շատ լավն է, և եթե մենք հավասար պայմաններ ապահովենք, խուսափենք ստվերից, կոռուպցիայից, մոնոպոլիաներից, ապա երկրում շատ արագ տնտեսական աճ կլինի»,- ասաց նա՝ նկատելով, որ դա նաև նպաստի միգրացիայի աճը կանգնեցնելուն:

Նրա խոսքով՝ բարեփոխումներն անգամ 4 միլիոն բնակչություն ունեցող Հայաստան ունենալու ռազմավարության իրագործմանը կօգնեն. ամեն ինչ կարող է տարվել այն ուղղությամբ, որ ոչ թե երկրի բնակչության թիվը ներսում ավելանա, այլ դրսում եղած մեր աշխատուժը, նկատելով երկրում եղած բարեփոխումները, վերադառնա հայրենիք և այստեղ շարունակի իր գործունեությունը:

Հնարավոր է, որ արտաքին պարտքը հատի $7 մլրդ-ը, սակայն դեֆոլտ չի սպառնում՝ ՀՀ-ն այն կարող է նաև բնական ռեսուրսներով մարել. Գ. Մակարյան