Հարիրին հայտնել է, որ մի քանի օրից կվերադառնա Լիբանան. նա զգուշացրել է արաբական պետությունների պատժամիջոցների հնարավորության մասին
Սաադ Հարիրին կիրակի նախազգուշացրել է, որ Լիբանանը կարող է արաբական երկրների կողմից ենթարկվել պատժամիջոցների տարածաշրջանի գործերում «Հեզբոլլահ» խմբի միջամտության պատճառով և հայտնել է, որ մի քանի օրից կվերադառնա Լիբանան հաստատելու համար երկրի վարչապետի պաշտոնից իր հրաժարականը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Ութ օր առաջ Էր Ռիադից իր հրաժարականի հայտարարությունն անելուց հետո առաջին հանրային ելույթում՝ հեռուստացույցով հեռարձակված հարցազրույցում Հարիրին չի բացառել նաև հնարավորությունը, որ կարող է չեղարկել իր հրաժարականը, եթե «Հեզբոլլահ»-ը համաձայնի չմիջամտել տարածաշրջանային հակամարտություններին, ինչպիսին է Եմենը:
Նա նշել է, որ Պարսից ծոցում ապրող հարյուր հազարավոր լիբանանցիների կյանքը, ինչպես նաև Լիբանանի տնտեսության կայունության համար առանցքային առևտուրը կարող է վտանգի տակ լինել:
Հարիրին ասել է, որ իր հրաժարականը նախատեսված էր որպես «դրական ցնցում» իր երկրի համար, որը նրա կարծիքով՝ վտանգի տակ է:
Նոյեմբերի 4-ին Էր Ռիադում գտնվող Լիբանանի վարչապետ, սուննի քաղաքական առաջնորդ Սաադ Հարիրին անսպասելի հրաժարական էր տվել՝ հայտարարելով, որ վախենում է իր կյանքի համար: Իր հրաժարականի խոսքում Հարիրին մասնավորապես մեղադրել էր Իրանին և լիբանանյան «Հեզբոլլահին» արաբական երկրների միջև վեճ գցելու համար և ասել, որ վախենում է իր դեմ մահափորձից: Սաուդյան Արաբիան և Իրանը միմյանց նկատմամբ մեղադրանքներ են հնչեցրել Լիբանանում և տարածաշրջանում անկայունություն հրահրելու վերաբերյալ:
Լիբանանի իշխանությունները կարծում են, որ Հարիրին պահվում է Սաուդյան Արաբիայում: Լիբանանի կառավարության երկու բարձրաստիճան պաշտոնյա հայտնել են, որ Էր Ռիադը պատանդ է պահում Լիբանանի վարչապետին, իսկ երրորդ աղբյուրը հայտնել է Reuters գործակալությանը, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հրահանգել են Հարիրիին հրաժարական տալ և նրան տնային կալանքի են ենթարկել:
Էր Ռիադը հայտարարում է, որ Հարիրին՝ «Սաուդյան Արաբիայի վաղեմի դաշնակիցը», ազատ մարդ է և երկիրը կապ չի ունեցել նրա հրաժարականի մասին հայտարարելու որոշման հետ:
Լիբանանի նախագահը հրաժարվում է որոշում կայացնել անակնկալ հրաժարականն ընդունելու վերաբերյալ, մինչև վարչապետ Սաադ Հարիրին չվերադառնա հայրենիք:










