Մեր դպրոցում ոչ ոք այդ երեխայի թարթիչները չի կտրել, դա երեխայի մոր ստեղծած հեքիաթն է. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրեն
Մեր դպրոցում այդ երեխային ոչ ոք բռնության չի ենթարկել և չի էլ կարող: Այդպիսի բան չի եղել, դա հերյուրանք է, սուտ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը:
«Սա երեխայի մայրիկի երևակայության հետևանքն է, նրա ստեղծած հեքիաթն է: Նա ստեղծեց, ինքն էլ հավատաց այդ հերոսներին, հետո էլ պահանջում էր, որ այդ հերոսներին՝ 6 տարեկան փոքրիկներին հեռացնենք դպրոցից»,- հայտնեց տնօրենը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Հունաստանի և Հայաստանի քաղաքացի 47-ամյա Մարինե Սարգսյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 8-ին Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում իր տղան՝ Հունաստանի քաղաքացի, 7-ամյա Մարիոս–Արտյոմ Սարգսյանը դպրոցում անմարդկային վերաբերմունքի է արժանացել. «Երեխայիս նկատմամբ նոյեմբերի 8-ին նշված դպրոցի զուգարանում իր դասընկերներ՝ Մինասը, Գոռը և Գագիկը բռնություն են կիրառել, սկոտչով կապել են ձեռքերը ու դեմ են տվել պատին, մի քանի հարված են հասցրել, ինչի հետքերը կա մարմնի և քթի վրա, այնուհետև նրանցից մեկն էլ մկրատով երեխայի թարթիչներն է կտրել»,- ասել էր ծնողը:
Դպրոցի տնօրենի խոսքով՝ Մարինե Սարգսյանը` տեսնելով, որ իր՝ երեխաներին դպրոցից հեռացնելու պահանջը չի բավարարվում դպրոցի ղեկավարության կողմից, որոշել է լրատվամիջոցներով սուտ տեղեկություններ տարածել:
Ինչ վերաբերում է թարթիչները կտրված լինելու փաստին, Անահիտ Խոսրովյանը նշեց. «Երեխայի թարթիչների կտրված լինելը մենք ենք բացահայտել և մենք ենք ասել ծնողներին, այն էլ հայրիկին: Երկու ամիս է, ինչ այդ երեխան մեր դպրոցում է սովորում, բայց մենք մայրիկ չենք տեսել: Երեխան մանկավարժի հերթական պարապմունքների ժամանակ ինքն է ասում՝ ես իմ թարթիչները կտրել եմ»,- ասաց տնօրենը:










