ԱՄՆ-ն նախազգուշացրել է ամանորյա տոների ընթացքում Եվրոպայում ահաբեկչության սպառնալիքի մասին

14:45 • 17.11.17

ԱՄՆ-ն Եվրոպա ուղևորվող իր քաղաքացիներին նախազգուշացրել է Սուրբ ծննդյան և Նոր տարվա տոների ընթացքում ահաբեկչական սպառնալիքի աճի մասին, հայտնում է AFP գործակալությունը:


Նախազգուշացման մեջ հիշեցվում է, որ անցած տարի հարձակումներ են իրականացվել Բեռլինում դեկտեմբերին սուրբծննդյան տոնավաճառում, որի հետևանքով զոհվել է 12 մարդ և Նոր տարվա գիշերը Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում, որի հետևանքով սպանվել է 39 մարդ:


ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացրել է, որ Բրիտանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Իսպանիայում և Շվեդիայում վերջին հարձակումները ցույց են տալիս, որ «Ալ Քաիդա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբերը շարունակում են ակտիվ մնալ:


«Մինչ տեղի իշխանությունները շարունակում են հակաահաբեկչական գործողությունները, Պետքարտուղարությունը մտահոգված է մնում ապագա ահաբեկչական հարձակումների հնարավորության առնչությամբ: ԱՄՆ քաղաքացիները պետք է միշտ զգոն լինեն, որ ահաբեկիչների համակիրները կամ ինքնուրույն արմատականացված ծայրահեղականները կարող են հարձակումներ իրականացնել քիչ կամ առանց որևէ նախազգուշացման»,- ասված է հաղորդագրությունում: