Արմեն Ջիգարխանյանը շատ սթափ է գնահատում իրավիճակը. Արմեն Հովհաննիսյան

19:36 • 20.11.17

Վերջին տարիներին Մոսկվայում բնակվող հայ անվանի կինոռեժիսոր Ներսես Հարությունյանի որդին` գործարար Արմեն Հովհաննիսյանը,  որը հայ մեծանուն դերասան Արմեն Ջիգարխանյանի հետ պարբերաբար շփվում է, Tert.am-ի հետ բացառիկ հարցազրույցում անդրադառնում է մեծ  դերասանի և նրա՝ կնոջ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի շուրջ առաջացած սկանդալին առնչվող մի շարք հարցերի:

-Պարո՛ն Հովհաննիսյան, այս սկանդալի  ժամանակ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայի ներկայացուցիչները պարբերաբար ասում էին`«его армянские друзья» նախ, ի՞նչ կապ ունի ազգային պատկանելությունը, և ի վերջո,  մարդը հայ է, ընկերները՝ հայ…

-Ոչ մի «արմյանսկիե դրուզյա» չկա, այն մարդիկ, ովքեր միշտ եղել են Արմեն Բորիսովիչի կողքը, էդ մարդիկ էլ իր կողքին են: Իհարկե, հայկական համայնքը նույնպես Արմեն Բորիսովիչի կողքին է, բայց ոչ մի տենց բան չկա, ինչն իրենք են ուզում ներկայացնել: Վիտալինան շատ լավ ճանաչում է Արթուր Սողոմոնյանին, մարդ, որը ակունքներից կանգնած է եղել թատրոնի կողքին ու ամեն ինչ արել է թատրոնի համար: Ու Վիտալինայի առաջին տունը, մի անգամ ասաց, որ առել է Արթուր Սողոմոնյանից, բայց ինքը չի առել Արթուր Սողոմոնյանից,  ուղղակի խնդրել են, Արթուրը այդ տունը գրանցել է Վիտալինայի անունով: Ու դրանք Վիտալինայի տները չեն, դրանք բոլորը Արմեն Բորիսովիչի տներն են:

-Հայ համայնքը ևս մասնակից է, համախմբվե՞լ է Արմեն Ջիգարխանյանի շուրջ։

-Իհարկե:

-Իսկ  Վիտալինան  տներից որևէ մեկը վերադարձնելու խոստում տվե՞լ է:

-Դրանով զբաղվում են հատուկ մարմիններ, որոնք պարզում են, ամեն ինչը ոնց է ձեռք բերվել, ինչ է ձեռք բերվել, ինչ է արվել:

-Իսկ Արմեն Ջիգարխանյանը կամ նրա կողքին գտնվող մարդիկ կասկածներ ունեի՞ն, որ Վիտալինայի կողմնակիցները կարող է փորձեին մահափորձ իրականացնել` ասելով, որ ծեր մարդ է, շաքարը բարձրացավ։ Հայտարարում էին, որ դերասանին անհայտ մարդիկ՝ անհայտ ուղղությամբ տարել են:

-Չէ մահափորձ չէին կարա անեին: Ինքը եղել է այդ հիվանդանոցում, ինքը ամեն ինչի մասին «կուրսի է եղել», էդ իր ավանտյուրնի բաներն են, որ իրեն չեն թողնում հանդիպի: Արմեն Բորիսովիչը չէր ուզում իրեն հանդիպել:

-Իսկ տեղյա՞կ եք՝ ինչու էր Վիտալինան թռել Վրաստան, ապա վերադարձել: Ռուսական լրատվամիջոցներում տեսակետ հնչեց, թե հնարավոր է՝ հղի էր, գնացել էր ինչ-որ առողջական խնդիրներով:

-Նման բան չկա:

-Իսկ Վիտալինան փորձո՞ւմ է բանակցություններ վարել։

-Իրեն չեն թողնում, ի՞նչ բանակցություն պետք է վարի:

-Ամուսնալուծությունը հնարավո՞ր է….

-Ամսի 27-ին դատարանի նիստ է լինելու:

-Ռուսաստանյան լրատվամիջոցների՝ սկանդալի լուսաբանումն ինչպե՞ս եք գնահատում: Արդյոք՝ հավասարակշռված, երկկողմանի էր լուսաբանումը: Համենայնդեպս, Մալախովին շատերը մեղադրեցին սուբյեկտիվ լինելու մեջ:

-Մալախովին չեն թողել մտնել հիվանդանոց, դրա համար էլ դեմ էր խոսում. Վիտալինան կանչել էր ու դրանից ուզում էր հիվանդանոցում շոու սարքել: Իսկ 1-ին ալիքին թողել էին, ու Բորիսովը խոսում էր Ջիգարխանյանի կողմից: Սա ակնհայտ բան է:  

-Հիմա Արմեն Ջիգարխանյանն ապրում է Արթուր Սողոմոնյանի բնակարանո՞ւմ:

-Արմեն Բորիսովիչը ապրում է նոր գնած բնակարանում: Իր անունով:

-Ինչպե՞ս է տրամադրությունը: Ձեռնարկվո՞ւմ են միջոցներ, որ Վիտալինայի մարդիկ չկարողանան հանդիպել, խոսել:

-Իրենք դոստուպ չունեն:

-Նաև այդ կնոջ ներկայացուցիչները փորձում էին Արմեն Ջիգարխանյանին ներկայացնել որպես մարդ, որը հնարավոր է՝ արյան մեջ շաքարի բարձրացման պատճառով ոչ ադեկվատ վիճակում լինի, կամ ՝ ավելի կոնկրետ՝ որպես խելքը թռցրած ծերունու..

-Արմեն Ջիգարխանյանի ամեն ինչը տեղում է, ինքը շատ սթափ գնահատում է իրավիճակը: Կարող եմ ասել որպես մարդ, որն իր հետ պարբերաբար շփվում է:

-Երեկ ռուսաստանյան լրատվամիջոցներով հարցազրույց տվեց Արմեն Ջիգարխանյանի որդին, որի հետ նրանք տարիներ ի վեր չեն շփվում: Ավելին, դերասանը որդու մասին ասել էր՝ իմ բարեկամներից մեկը: Որդին վերջում հեռակա դիմեց հորը՝ ասելով, որ  եթե օգնության կարիք լինի, պատրաստ է: Տեղյակ ե՞ք՝ Արմեն Ջիգարխանյանը վերանայե՞լ  է դիրքորոշումը որդու հետ կապված:

-Չեմ կարող ասել՝ ինչպես կնայի։ Ես միայն տեղյակ եմ, որ իրենք չեն շփվում և Ստեփանը շատ վաղուց Ռուսաստանում չի ապրում: