30 000 $ ՝ «Գրին քարտ» ստանալը կազմակերպելու համար. քաղաքացին մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ

22:32 • 20.11.17

Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մեկ այլ քաղաքացու վստահեցրել է, որ 30 000 դոլարի դիմաց կարող է կազմակերպել «Գրին քարտ» ստանալը և ստացել է 15 000 ԱՄՆ դոլար, գումարի մյուս մասը հետագայում ստանալու պայմանով:

Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Գագիկ Պողոսյանին:

Գ.Գ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեությամբ 2017թ. հուլիսին ծանոթացել է Վ. Դ.-ի հետ , ումից նախօրոք տեղեկացել է ընտանիքով ԱՄՆ մեկնելու ցանկության մասին: Գ. Գ.-ն վստահեցրել է, որ 30.000 ԱՄՆ դոլարի դիմաց կարող է կազմակերպել ԱՄՆ-ում «Գրին Քարտ» ստանալը: 2017թ. օգոստոսին հանդիպել է Վ. Դ.-ի հետ, ստուգումներ կատարելու կեղծ պատրվակով` վերցրել է վերջինիս ՀՀ քաղաքացու անձնագիրը և որոշ ժամանակով դուրս եկել սրճարանից, ապա վերադառնալով` տեղեկացել է, որ հստակ կարող է ձեռք բերել ԱՄՆ «Գրին քարտ»` այդ կերպ ավելի ամրապնդելով նախօրոք ձեռք բերած վստահությունը: Նա Վ.Դ.-ից պահանջել և ստացել է 15.000 ԱՄՆ դոլար` պայմանավորվելով գումարի մյուս մասը վերցնել ԱՄՆ դեսպանատանը 2018թ. մայիսին կայանալիք հարցազրույցից հետո:

Սակայն ԱՄՆ «Գրին քարտ» ձեռք բերելու ուղղությամբ որևէ էական գործողություններչ չկատարելով, միաժամանակ այլ անձանց համար այն ձեռք բերելու իրականում որևէ հնարավորություն չունենալով` խարդախությամբ հափշտակել է Վ.Դ.-ին պատկանող 15 000 դոլարը:

Գ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

Գ.Գ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: