Արմավիրի մարզպետը խոստացավ 10 օրում լուծել Ջրարբիի դպրոցի ջեռուցման խնդիրը, իսկ վերանորոգումը կիրականացվի հաջորդ տարի
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հանդիպել է Ջրարբի գյուղի դպրոցի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ծնողների հետ: Վերջինս խոստացել է 10 օրում լուծել դպրոցի ջեռուցման խնդիրը, իսկ վերանորոգումը կներառվի հաջորդ տարվա բյուջեի նախագծում: Այս մասին Tert.am-ին հայտնեց բողոքի ակցիայի մասնակից Սարո Մկրտչյանը:
«Մարզպետը եկավ գյուղ, խոսեցինք, ընդհանուր հայտարարի եկանք: 10 օրվա մեջ դպրոցի ջեռուցման հարցն է լուծվելու, իսկ մյուս տարվա բյուջեի նախագծում մտնելու է դպրոցի վերակառուցման հարցը: Կամ պետք է հիմնովին վերանորոգվի ամբողջ դպրոցը, կամ պետք է նոր կորպուս ավելացվի»,- հայտնեց նա:
Սարո Մկրտչյանը նաև նշեց, որ դասադուլն արդեն դադարեցվել է և վաղվանից երեխաները հաճախելու են դպրոց, բայց եթե 10 օր հետո մարզպետի խոստումը չիրականացվեց, ծնողները նորից բողոքի ակցիա են կազմակերպելու:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 10-ից Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի դպրոցի դիմաց բողոքի ակցիա է իրականացվում: Դպրոցականները և նրանց ծնողները դասադուլ են հայտարարել՝ բողոքելով դպրոցի անմխիթար վիճակի, ջեռուցման բացակայության դեմ:










