Կոալիցիա կազմելու փորձի ձախողումից հետո Մերկելից պահանջել են հրաժարական տալ

16:58 • 20.11.17

Ձախակողմյան ուժերը ներկայացնող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդներ Ալեքսանդր Հաուլանդն ու Ալիսա Վայդելը կոչ են արել երկրի կանցլեր Անգելա Մերկելին հրաժարական տալ, քանի որ նրան չհաջողվեց կոալիցիա կազմել 4 կուսակցությունների միջև:

«Տիկին Մերկելը ձախողեց և եկել է ժամանակը, որպեսզի նա լքի կանցլերի պաշտոնը»,-Հաուլանդի խոսքը մեջբերում է gazeta.ru-ն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Մերկելին չի հաջողվել կոալիցիա կազմել, քանի որ Ազատ դեմոկրատական կուսակցությունը (ԱԴԿ) նոյեմբերի 19-ին դուրս է եկել բանակցային գործընթացից:

Կուսակցության առաջնորդ Կրիստիան Լինդները հայտարարել է, որ բանակցություններին մասնակցող կողմերը չէին վստահում միմյանց ու տարակարծիք էին մի շարք հարցերում, մասնավորապես՝ միգրացիայի ու էներգետիկայի թեմաների շուրջ:

«Ուստի՝ ավելի լավ է չկառավարել, քան թե վատ կառավարել»,- մեկնաբանել է Լինդները:

Հայտնի է, որ սեպտեմբերին կայացած դաշնային ընտրություններից հետո Մերկելը ցանկում էր այսպես կոչված «Ճամայկա» կոալիցիան ձևավորել Քրիստոնեա-դեմոկրատական միության, Քրիստոնեա-սոցիալական միության, Ազատ դեմոկրատական կուսակցության և «կանաչկների» միջև:

Մեկնաբանելով ձախողումը՝ Մերկելը ափսոսանք է հայտնել Ազատ դեմոկրատական կուսակցության դուրս գալու առնչությամբ՝ նկատելով, որ, այնուհանդերձ, կողմերին կհաջողվեր ընդհանուր հայտարարի գալ:

Նշվում է, որ այժմ կա երկու տարբերակ. կա՛մ կառավարությունը կկազմի փոքրամասնություն, ինչը Գերմանիայի պատմության մեջ աննախադեպ է, կա՛մ էլ նոր ընտրություններ կանցկացվեն:

Աղբյուրը հավելում է, որ Գերմանիայում կոալիցիոն բանակցությունների տապալման ֆոնին եվրոն անկում է արձանագրել:

Կոալիցիա կազմելու փորձի ձախողումից հետո Մերկելից պահանջել են հրաժարական տալ