ՀՀ-ն Վրաստանին կփոխանցի Իրանից ՀՀ 850 կգ թմրամիջոց անօրինական կերպով տեղափոխելու համար 17 տարով ազատազրկված վրացի վարորդին
Վրաստանի «Առաջին ալիքը» տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Հայաստանում 17 տարի ազատազրկման դատապարտված Ավթանդիլ Մարտիաշվիլիին Հայաստանը փոխանցելու է Վրաստանին, ինչի առնչության Tert.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վրացի վարորդին դատապարտել էր 17 տարվա ազատազրկման: Նա մեղավոր էր ճանաչվել առանձնապես խոշոր չափերի՝ 850 կգ թմրամիջոց Իրանից ՀՀ մաքսային սահմանով այլ երկրներ անօրինական կերպով տեղափոխելու համար: Նրա հետ մեղադրվող Օսման Ուղուրլուն դատապարտվել է 19 տարվա ազատազրկման։
ՀՀ ԱՆ-ից Tert.am-ին հայտնեցին, որ ՀՀ արդարադատության նախարարությունը դիվանագիտական ուղիներով ստացել է Վրաստանի իրավասու մարմնի խնդրանքը՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող, Վրաստանի քաղաքացի հանդիսացող Ավթանդիլ Մարտիաշվիլիին պատժի մնացած մասը կրելու նպատակով Վրաստան փոխանցելու վերաբերյալ:
«Դատապարտյալների փոխանցումը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև իրականացվում է «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թվականի Եվրոպական կոնվենցիայի դրույթների համաձայն, ըստ որի՝ դատապարտյալը կարող է փոխանցվել Դատապարտող (Հայաստանի Հանրապետություն) և Կատարող (Վրաստան) պետությունների միջև փոխանցման վերաբերյալ համաձայնության ձեռքբերման դեպքում»,-հայտնեցին ԱՆ-ից :
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ ՀՀ արդարադատության նախարարությունը, ուսումնասիրելով դատապարտյալի գործում առկա փաստաթղթերը, ինչպես նաև ՀՀ համապատասխան մարմիններից ստացված այլ փաստաթղթեր՝ բավարարել է դատապարտյալի փոխանցումը, ինչի մասին դիվանագիտական ուղիներով հայտնել է Վրաստանի իրավասու մարմնին.«Ներկայումս ՀՀ իրավասու մարմնի և Վրաստանի իրավասու մարմնի միջև հստակեցվում են դատապարտյալի փաստացի փոխանցման ժամկետները»:
Հիշեցնենք, որ Աֆթանդիլ Մարտիաշվիլիին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: Նա ազատազրկված է 2014 թվականի հունվարի 17-ից:










