Ֆրանսիայում մարմնի 95%-ի այրվածք ստացած տղամարդուն փոխպատվաստել են երկվորյակ եղբոր մաշկը
Ֆրանսիայում բժիշկները փրկել են մարմնի 95 տոկոսի այրվածք ստացած 33-ամյա հիվանդին՝ բարեհաջող փոխպատվաստելով երկվորյակ եղբոր մաշկը: Այս մասին հայտնում է France Info ռադիոկայանը:
Ռադիոկայանի տվյալների համաձայն՝ մի քանի փուլից բաղկացած վիրահատությունն անցկացվել է Փարիզի Սեն Լուի հիվանդանոցում: Սա նմանօրինակ առաջին վիրահատությունն է աշխարհում:
«Առաջին անգամ մենք փոխպատվաստում ենք նաշկի 95 տոկոսը. սա համարյա ամբողջական փոխպատվաստում է»,-ասել է պլաստիկ վիրաբուժության մասնագետ պրոֆեսոր Մորիս Միմունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 2016 թվականի սեպտեմբերին տղամարդը մարմնի և դեմքի այրվածքներ է ստացել աշխատանքի ժամանակ, ինչից հետո եղբայրն անմիջապես համաձայնել է դոնոր դառնալ:
Ընդհանուր առմամբ, դոնորը տրամադրել է մաշկի 50 տոկոսը: Եվ քանի որ եղբայրները հոմոզիգոտային երկվորյակներ են ու միևնույն ԴՆԹ-ի կրող, փոխպատվաստված մաշկի հետ որևէ խնդիր չի առաջացել:
Նշվում է, որ այժմ տղամարդն դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել տուն: Նա վերականգնման կուրս է անցնում ու կարող է ինքնուրույն տեղաշարժվել:










