Վարկառուին եկամտահարկը կվերադարձվի, եթե բնակարանի արժեքը չի գերազանցի 55 մլն դրամը. Վարդան Արամյան

16:40 • 23.11.17

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե որ դեպքում է պետությունը վերադարձնում վարկառուին եկամտահարկը` հիպոթեքային վարկի տոկոսը մարելու նպատակով, ասաց, որ եկամտահարկը որպես տոկոսադրույք փոխանցվում է այն վարկառուին, որը գնում է բնակարան նորակառույց շենքում:

«Բնակարանի արժեքը չպետք է գերազանցի 55 միլիոն դրամը։ Բացի այդ, վարկառուն և համավարկառուն չպետք է ունենա այլ բնակարան: Եղել են դեպքեր, երբ մարդն ունեցել է մեկ բնակարան, բայց ևս երկուսը գնել է։ Հարց է ծագում՝ եթե մարդն ունի մեկ բնակարան, ևս երկուսը գնում է, ինչո՞ւ պիտի հարկատուների հաշվին նրա եկամտահարկը վերադարձվի»,-ասաց նա և նշեց, որ իրենք փորձում են հարկատուների փողերն ավելի նպատակային օգտագործել։

Վարդան Արամյանը նշեց, որ օրենքի նախագիծը 2018 թվականի հունվարի 1-ից կմտնի ուժի մեջ։ «Պետք է ասեմ, որ բոլոր այն վարկառուները, որոնք արդեն իսկ ունեն ձեռքբերված բնակարաններ, բնականաբար, օրենքն իրենց վրա հետադարձ ուժ չի ունենա»,-նշեց Ֆինանսների նախարարը։  

Վարդան Արամյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև նկատվող գնաճին և նշեց, որ թեև դա իր ոլորտը չէ, սակայն գնաճի վերաբերյալ դատողություն անելիս պետք է նայել միջին գնաճի ցուցանիշը: «Տարվա ընթացքում միջին գնաճը այս տարվա ընթացքում 0,7 տոկոս է, որը բարձր ցուցանիշ չէ: Գնաճի նորմալ բնականոն վիճակը 4 տոկոսն է, որն ունի ակադեմիական հիմնավորում»,-ասաց նա:

Հարցին, թե որպես սպառող առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացում նկատո՞ւմ է, նա նշեց, որ, իհարկե, նկատում է, որ մսի և կարագի գները համեմատաբար մի փոքր բարձրացել են, սակայն դրան զուգահեռ նշեց, որ կան ապրանքներ, որոնց գները նվազում են: