Էրդողանը խոստացել է առանց Ասադի հետ խորհրդակցելու չհարձակվել Սիրիայի քրդական ուժերի վրա

17:50 • 24.11.17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայացած գագաթնաժողովի ժամանակ խոստացել է առանց Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ խորհրդակցելու չհարձակվել Սիրիայի քրդական ուժերի վրա, գրում է բրիտանական հեղինակավոր Times պարբերականը:

«Էրդողանը խոստացել է Ասադին, որ առանց Դամասկոսին տեղյակ պահելու ռազմական գործողություն չի սկսի Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ուժերի դեմ», - գրում է պարբերականը:

Նշենք, որ Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) ներկայացուցչությունը հայտարարել է, որ իրենք պատրաստ են համապատասխան դիմադրություն ցուցաբերել Սիրիայի հյուսիսում գտնվող քրդաբնակ Աֆրին շրջանի վրա Թուրքիայի հնարավոր հարձակման դեպքում:

Ըստ Times-ի՝ թեև Սոչիի գագաթնաժողովը մի կողմից փորձեց ցույց տալ, որ Սիրիայի սահմանների վերահսկողությունն այժմ ամբողովին պատկանում է Ասադին, այնուամենայնիվ, մոտ ապագայում նրա ազդեցությունը կնվազի և Սիրիան կընտրի արտաքին աշխարհի հետ շփումների առումով առավել բաց քաղաքական առաջնորդի:

Հիշեցնենք, որ Սոչիի գագաթնաժողովից հետո Էրդողանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Անկարան կրկին կհամագործակցի Դամասկոսի հետ, ասել էր, որ «դիվանագիտության դռները միշտ էլ բաց են»: