«Մանուշակ» մանկապարտեզ մտած անձը դեպքի պահին եղել է սթափ. պաշտպան
Հոկտեմբերի 30-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցնելու և սպանության փորձի մեջ մեղադրվող Արգամ Հովիկյանը դեպքի օրը եղել է սթափ վիճակում։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հովիկյանի պաշտպան Արսեն Սարգսյանը։
Պաշտպանն ասաց, որ նշանակվել էր փորձաքննություն իր վստահորդի սթափության աստիճանը պարզելու համար, որի արդյունքներն արդեն պարզ են։
«Փորձաքննության արդյունքների համաձայն՝ Արգամ Հովիկյանը ո՛չ թմրանյութի ազդեցության տակ է եղել, ոչ էլ ալկոհոլ է օգտագործած եղել։ Նա եղել է սթափ վիճակում»,-ասաց պաշտպանը։
Ինչ վերաբերում է Արգամ Հովիկյանի առողջական վիճակին՝ Սարգսյանն ասաց, որ իր պաշտպանյալը դեռ շարունակում է ապաքինվել.
«Նա դեռ գտնվում է Դատապարտյալների հիվանդանոցում, իսկ ապաքինվելուց հետո կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ»։
Նշենք, որ ավելի վաղ պաշտպանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր,որ Արգամ Հովիկյանը ցուցմունք է տվել, համաձայն որի՝ երկու ծրագիր է ունեցել՝ գնալ մանկապարտեզ, որտեղ կինն է աշխատում և համոզել նրան, որ վերադառնա տուն:
Երկրորդ՝ եթե կինը չհամոզվի, ապա ինքնասպանություն կգործի, և ինքնասպանություն գործելու մտադրությունն իրականացնելու համար է, որ իր հետ դանակ է տարել մանկապարտեզ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին, ժամը 16.25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել էր Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ: Ներխուժած անձը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահել մեկ երեխայի: Նրա հետ բանակցություններ էին վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել էր երեխային անվնաս հանել սենյակից, ինչից հետո կիրառվել էր հատուկ միջոց։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քննիչը որոշում է կայացրել Հովիկյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով:










