ԵՄ-ն ինքն է ընդունել ԵԱՏՄ-ն, մենք ո՞վ ենք, որ չընդունենք, սա գերտերությունների կռիվն է. Գագիկ Մելիքյան

14:28 • 27.11.17

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը շնորհակալ է «Ելք» խմբակցությանը՝ խորհրդարանում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցի վերաբերյալ հանրային լսումներն անցկացնելու նախաձեռնության համար նաև նրա համար, որ բոլոր ելույթներում հասկացան, թե ինչու չի կարելի սկսել ԵԱՏՄ-ից դուրս գալու այս գործընթացը:

«Որովհետև շատ ընդդիմադիր ելույթներում հնչում էին փաստեր՝ նաև աղավաղված, որոնք ապացուցում էին հենց դա, որ չի կարելի սկսել նման գործընթաց, դա մեր տնտեսական, պետական անվտանգության շահերից չի բխում: Հնչեց նաև տեսակետ, որ հանուն Հայաստանի եկեք, դուրս գանք ԵԱՏՄ-ից, բայց պետք չէ հանուն Հայաստանի գնալ ինքնակործանման՝ նույնիսկ այդ գաղափարից ելնելով»,-ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմախոսների այն պնդմանը, թե ԵԱՏՄ-ն գոյություն չունի, ՀՀԿ-ական պատգամավորը շեշտեց. «Ա՛յ ընկերներ, Եվրոպական միությունն ինքն է ընդունել Եվրասիական տնտեսական միությունը, մենք ո՞վ ենք, որ չընդունենք: Սա մեր կռիվը չէ, սա գլոբալ աշխարհի, գերտերությունների կռիվն է, իսկ մենք մեր դիրքերը պետք է օգտագործենք հանուն մեր պետության»: