ՌԴ-ն Հայաստանում ահռելի ջանքեր է գործադրում, որպեսզի անգամ ամենաբարդ խնդիրները լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ. Սերգեյ Ժելեզնյակ

16:50 • 28.11.17

Ես չեմ կարող Հայաստանի հանրությանը կամ իշխանություններին խորհուրդ տալ՝ դուրս գալ ԵԱՏՄ-ից, թե ոչ: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց «Եդինայա Ռոսիա» (“Единая Россия”) կուսակցության Գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի պատգամավոր, ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի անդամ Սերգեյ Ժելեզնյակը՝ խոսելով Հայաստանում ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ անցկացվող քննարկումների մասին:
 
Ժելեզնյակն ասաց, որ 21-րդ դարում պետք է ձգտել մաքսիմալ համագործակցության, ձգտել համագործակցությունը կառուցել փոխադարձ հետաքրքրությունների, շահերի հիմքում, որը հնարավորություն կտա լուծել կոնֆլիկտները կամ խուսափել կոնֆլիկտներից, տարաձայնություններից:

«Հայաստանում, Կովկասում առհասարակ, Ռուսաստանն իրականացնում է ահռելի խաղաղարար ջանքեր, որպեսզի անգամ ամենաբարդ խնդիրները լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ: Ես կարծում եմ, որ 21-րդ դարում չպետք է գոյություն ունենան այնպիսի ուժեր, որոնք իրենց գործունեության արդյունքում կարող են հակամարտություններ ստեղծել, որովհետև դրանք գլոբալ հակամարտություններ դառնալու հատկություն ունեն»,- ասաց Սերգեյ Ժելեզնյակը:

Tert.am-ը հետաքրքրվեց նաև Ռուսաստանում մի խումբ պատգամավորների, իրավաբանների, Հանրային պալատի խորհրդի անդամների հայտարարության մասին, որոնք մտադիր են դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ պահանջելով հեռացնել հետխորհրդային տարածքից այն մարդկանց արձանները, ովքեր ֆաշիզմի հետնորդներ են, այդ թվում՝ Գարեգին Նժդեհի արձանը, որը ՀՀԿ գաղափարախոսության հիմքն է ու Հայաստանի ազգային հերոսը:

Այս առնչությամբ Ժելեզնյակն ասաց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ռադիկալ գաղափարախոսության հետ կապ չունի, այն ժողովրդավարական է:

«Ռուսաստանում ապրում է 146 միլիոն մարդ, որոնք տարբեր տեսակետներ ունեն: Այդ նախաձեռնության հեղինակներն էլ ունեն նման տեսակետ: Այդ տեսակետը հեռանկարային չէ, որովհետև դրա հիմքում առարկայի ոչ լիարժեք, մակերեսային իմացությունն է: Ես կոչ կանեի բարձր հայտարարություններից առաջ ուսումնասիրել աղբյուրները, հասկանալ, թե իսկապես ինչ է տեղի ունեցել, որովհետև ցանկացած պատմական իրադարձության վերագրվել են այլ հանգամանքներ: Չկա որևէ հիմք, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանն ուսումնասիրի Հայաստանի ազգային հերոսների հարցը»,- ասաց Սերգեյ Ժելեզնյակը:

Նա նշեց, որ մինչև ՄԱԿ-ի դատարան դիմելու նախաձեռնությունը պետք էր  ուսումնասիրել նաև Նժդեհի նամակները Ստալինի, Վորոշիլովի հետ, որոնք դարձել են հանրային սեփականություն:

«Իհարկե, մենք լավ ծանոթ ենք ՀՀԿ գաղափարախոսությանը, կանոնադրությանը, և կարող ենք ասել, որ այն իսկապես ժողովրդավարական բնույթի է և չունի ռադիակալ գաղափարախոսության հետ առնչություն»,- ասաց նա:

Հարցին՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հետ հանդիպման ժամանակ Դուք դրա համա՞ր եք հայտարարել, որ Ռուսաստանը կողմ է Հայաստանի կողմից վարվող «և՛-և՛»-ի քաղաքականությանը, որպեսզի մեղմեք այն լարվածությունը, որը կար Հայաստան-Եվրամիություն համագործակցության համաձայնագրի մասին «Զվեզդա»-ի հայտնի հաղորդումից հետո, Սերգեյ Ժելեզնյակը չհամաձայնեց:

Իսկ այն հարցին, որ արդյոք «Եդինայա Ռոսիա»-ի պաշտոնական դիրքորոշումն է, որ Ռուսաստանը դեմ չէ Հայաստանի կողմից վարվող «և՛-և՛»-ի քաղաքականությանը, ապա Ս. Ժելեզնյակն այսպես պատասխանեց. «Այո, դա «Եդինայա Ռոսիա»-ի պաշտոնական դիրքորոշումն է, որովհետև ես Պետական դումայի միջազգային հարցերով կոմիտեի անդամ եմ, այնպես որ դա իմ լիազորությունների շրջանակներոմ գտնվող հարց է: Սերժ Սարգսյանի հետ երեկ մենք քննարկել ենք մի շարք հարցեր, այդ թվում նաև Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված ընդլայնված համագործակցության համաձայնագիրը: Ռուսաստանը, եթե գիտեք, ելնում է այն դիրքերից, որ ամեն ինքնիշխան երկիր պետք է ռեալիզացնի իր հնարավորությունները և այս առնչությամբ մեզ համար տարօրինակ էր հետևել այն քննարկումներին, տեսակետներին, որոնք հակադրում էին Հայաստանի համագործակցությունը Եվրամիությանն ու համագործակցությունը Ռուսաստանի հետ:

Կարծում ենք, որ Հայաստանը, որպես ինքնիշխան երկիր, ունի բոլոր իրավունքները, իրացնել համագործակցության այն հնարավորությունները, որոնք կան Ռուսաստանի հետ, ինչպես նաև համագործակցության այն հնարավորությունները, որոնք կան Եվրոպայի հետ: Հատկապես, երբ ԵՄ հետ ստորագրված փաստաթղթերում հստակ ամրագրված է, որ դրանք որևէ կերպ չեն հակասի Հայաստանի կողմից արդեն ստանձնած պարտավորություններին, որոնք կան Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում: Անվտանգության համատեղ ապահովման, հումանիտար, տնտեսական ոլորտներում մենք ոչ միայն շարունակելու ենք համագործակցել, այլև՝ խորացնելու ենք մեր համագործակցությունը: Նա հորդորեց հիմք ընդունել պաշտոնական դիրքորոշումը»:

Ինչ վերաբերում է Եվրամիության հետ համաձայնագարի ստորագրումից հետո Ռուսաստանի պաշտոնական հեռուստատեսություններով հնչեցվող հակահայկական տեսակետներին, մասնավորապես Մաքսիմ Շևչենկոյի հայտարարությանը, որ հայերը ռուսների թշնամիներն են, Սերգեյ Ժելեզնյակը կրկնեց, որ Ռուսաստանը մեծ երկիր է, կան տարբեր տեսակետներ, բայց շեշտեց, որ հրապարակային ելույթներում փորձագետները չպետք է հանդես գան այնպիսի կոչերով, որոնք կվիրավորեն ազգություններին: Նա ասաց, որ ՌԴ-ում մեծ հայ համայնք կա և իրենք հարգում են հայերին: Նա նշեց, որ որևէ ազգության հասցեին անթույլատրելի է այնպիսի գնահատականներ տալը, որոնք զգայուն են ու կարող են վիրավորական լինել այդ ազգության համար:

Սերգեյ Ժելեզնյակը վստահեցրեց՝ Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ չկան, չեն էլ կարող լինել: