ՍԾՏՀ ԽՎ-ում ընդունված հռչակագիրը Արցախի ու Հայաստանի վրա էական ազդեցություն ունենալ չի կարող. Հայաստանի պատվիրակության ղեկավար (տեսանյութ)
Այսօր Կիևում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված հռչակագիրը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար խնդրահարույց չէ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:
«Այսօր Կիևում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված հռչակագիրը վերաբերում է սևծովյան տարածաշրջանի բոլոր երկրներին և այդ երկրների հակամարտությունների վերաբերյալ ունիվերսալ խնդիր է բարձրացնում:
Այն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա էական ազդեցություն ունենալ չի կարող, որովհետև ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված կա հատուկ առանձնացված կառույց՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Բացի դրանից` նոյեմբերի 24-ին, երբ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին համագործակցության մասին համաձայնագիր, այնտեղ, եթե հիշում եք, ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հատված կա, որտեղ ընդգծված են ԵԱՀԿ Մինսկի խմբի որդեգրած մոտեցումները: Գործնական առումով ո՛չ Հայաստանի, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի հետ կապված որևէ խնդիր Կիևում ընդունված հռչակագիրն առաջացնել չի կարող»,- նշեց Մինասյանը:
Հիշեցնենք, որ հռչակագրում, մասնավորապես, կա դրույթ տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ, որտեղ կոնֆլիկտի լուծման միջազգային 3 հիմնարար սկզբունքներից միայն տարածքային ամբողջականությունն է նշվում:
Դրա ընդունման օգտին են քվեարկել 12 ազգային պատվիրակություններից 9-ը, այդ թվում՝ Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Թուրքիան: Ռուսաստանը չի ներկայացել նիստին, իսկ Հայաստանի ու Սերբիայի պատվիրակությունները բոյկոտել են քվեարկությունը: Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ հակահայկական այս ձևակերպումը հռչակագրում ներառվել է վերջին պահին՝ առանց Հայաստանի հետ քննարկումների:
Ինչ վերաբերում է տեսակետներին, որ Հայաստանի պատվիրակությունը բավարար ջանքեր չի գործադրել, թերացել է և կարող էլ թույլ չտալ, որ այս ձևակերպումն ամեն դեպքում տեղ գտներ հռչակագրում, Գ. Մինասյանն այսպես արձագանքեց. «Հայաստանի պատվիրակությունը, կարծում եմ, հասել է բավական մեծ հաջողության: Գուցե այն պետությունների համար, ովքեր ունեն տարածքային խնդիրներ իրենց հարևանների հետ, սա կարող է էական լիներ, որովհետև նրանք չունեն հատուկ մանդատով օժտված մարմիններ, ինչպիսին ղարաբաղյան հակամարտության հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Մեր պարագայում սակայն այս հռչակագիրը Ղարաբաղի ու Հայաստանի հարցում էական ազդեցություն ունենալ չի կարող»:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի պատվիրակությանը, ապա Մինասյանն ասաց, որ խնդիրը խորքային է, այն առաջացել է դեռևս 2.5 տարի առաջ: Պատգամավորը խոստացավ այդ մասին խոսել այն ժամանակ, երբ վերադառնա Հայաստան:
Դիտարկմանը, որ հռչակագրում նման ձևակերպումներ հավելելու հարցը քննարկվել է դեռ մեկ ամիս առաջ Վեհաժողովի համապատասխան հանձնաժողովում, գուցե այդ ժամանակ ՀՀ պատվիրակությունը բավարար կոշտ չի՞ արձագանքել, Գագիկ Մինասյանը չհամաձայնեց: Նա ասաց, որ տարածքային ամբողջականության մասին հատվածը հռչակագրում ավելացնելու առաջարկը արվել է նիստից 15 րոպե առաջ, պատվիրակություններն անգամ վրդովմունք են հայտնել, որ անթույլատրելի է հռչակագրում փոփոխություն մտցնելու առաջարկով հանդես գալ քվեարկությունից 15 րոպե առաջ:
«Որևէ այլ քայլ անել, քան հայտարարելը, որը տեղի ունեցածն անթույլատրելի էր, որ մենք լքում ենք դահլիճն ու չենք մասնակցում քվեարկությանը, Հայաստանի պատվիրակությունը իրականացնել չէր կարող»,- ասաց Մինասյանը:
Ներկայացնում ենք Գագիկ Մինասյանի ելույթը Կիևում.










