2017թ. Կառավարությունը մոտ 80.000 եվրո է փոխհատուցել ՄԻԵԴ դիմումատուներին
2017թ. 11 ամսվա ընթացքում ՀՀ կառավարությունը 79,765 եվրո է փոխհատուցել ՄԻԵԴ վճիռների համար: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արդարադատության հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«2017 թվականի նոյեմբերի 28-ի դրությամբ 2017թ. ընթացքում Եվրոպական դատարանի՝ ՀՀ վերաբերյալ կայացված վճիռներով դիմումատուներին հատկացվել է 79,765 եվրոյին համարժեք ՀՀ դրամ»,– ասվում է պատասխանում:
Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 52316/09, 14 սեպտեմբեր 2017թ.) և «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 56717/08, 01 հունիս 2017թ.) վճիռներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարները ենթակա են հատուցման դրանց ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում:
Արդարադատության նախարարությունից նաև հայտնել են, որ երկու գանգատի վերաբերյալ գումարներ հատկացվել են, սակայն դիմումատուները չեն հայտնաբերվել։
«Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 39563/09, 30 մարտ 2017թ.) և «Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 329/11, 20 հոկտեմբեր 2016թ.) գործերով արդեն իսկ ուժի մեջ մտած վճիռների կապակցությամբ հատկացվել են վճարման ենթակա գումարները և քայլեր են ձեռնարկվել դիմումատուներին հայտնաբերելու ուղղությամբ, սակայն դիմումատուների հետ կապ հաստատել չի հաջողվել, ինչի հետևանքով գումարի փոխհատուցման համար անհրաժեշտ տեղեկատվությունը չի տրամադրվել ՀՀ արդարադատության նախարարությանը»,– ասվում է Արդարադատության նախարարության պատասխանում:










