Հայաստանի միջոցով Իրանը կարող է մի կողմից կապ հաստատել ԵԱՏՄ-ի, մյուս կողմից Եվրոպայի հետ. Արման Նավասարդյան
Այն, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ԵՄ-Իրան հարաբերություններում, տեսականորեն իրականանալի է, դա և՛ մեր արտաքին քաղաքականության օրակարգում կա, և՛ իրանցիների: «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի Հայաստան կատարած այցին:
«2013 թ., երբ Հայաստանը ստորագրեց ԵԱՏՄ-ի հետ պայմանագիրը, առաջինը Զարիֆը հայտարարեց, որ իրենք շատ ուրախ են, որ Հայաստանը՝ որպես մեր սահմանակից պետություն, կարող է դառնալ կամուրջ, կապող օղակ՝ ռուսական 170 մլն.-անոց շուկայի հետ: Թե որքանով դա հաջողվեց՝ ես դժվարանում եմ ասել: Ըստ երևույթին, իրանական կողմը շատ հետաքրքրված է նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրով»,-ասել է Արման Նավասարդյանը:
Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ ՀՀ-ի պայմանագրերը նման չեն, բայց հնարավորությունները կարելի է դնել նույն հարթության վրա: Հայաստանի միջոցով Իրանը կարող է մի կողմից կապ հաստատել ԵԱՏՄ-ի, Ռուսաստանի հետ, մյուս կողմից`Եվրոպայի հետ: Հայաստանն իրոք ունի շատ լավ հարաբերություններ Իրանի հետ: «Մեծ ինֆրաստրուկտուրայի բացակայությունն այսօր կարող է կա՛մ արգելք լինել, կա՛մ դանդաղեցնել այդ գործընթացը: Հյուսիս-հարավ երկաթուղին այդպես էլ մենք չունենք, մշուշի մեջ է, կարծում եմ՝ նաև վերջնականապես կառուցված չէ ավտոճանապարհը, առանց որի շատ դժվար է այս բոլորն իրագործել: Չնայած մի քանի անգամ Իրանը շատ բարձր մակարդակով հայտարարել էր, որ Հայաստանը կարող է դառնալ այն ճանապարհը, որը Պարսից ծոցը կկապի Միջերկրական ծովին: Սա, իհարկե, շատ լավ հայտարարություն է, բայց դեռևս ռեալ հարթության վրա չէ»:
Անդրադառնալով Սոչիում կայացած Էրդողան-Պուտին հանդիպմանը՝ արտակարգ և լիազոր դեսպանն այն որակել է որպես քաղաքական բլեֆ Էրդողանի, ինչպես նաև Ադրբեջանի կողմից, որովհետև այս սցենարը նրանց մոտ մի քանի անգամ մշակվել է: «Տարիներ շարունակ Թուրքիան ուզում է խցկվել գեոստրատեգիական՝ ղարաբաղյան խնդրի մեխանիզմի մեջ: Այսինքն՝ որպես միջնորդ հանդես գալ: Նրանք ասում են՝ մենք Մինսկի խմբի անդամ ենք և կարող ենք որպես միջնորդ հանդես գալ: Իհարկե, դա բացարձակապես ընդունելի չէ, 25 տարվա ընթացքում նրանք դա անում են: Հիմա նրանք դա ցանկանում են անել նաև Ռուսաստանի միջոցով»:
Արման Նավասարդյանի ձևակերպմամբ՝ նույնիսկ մի ամբողջ ծրագիր էր առաջադրվեց, որ Էրդողանը պետք է հանդիպի Պուտինին և 3 կետանոց պայման դնի՝ խաղաղապահ զորքերի տեղակայումը, տարածքների վերադարձը, բայց դրանք բացարձակապես արձագանք չգտան Ռուասաստանի կողմից:
«Նախ, այդ հայտարարությունից անմիջապես հետո Լավրովը, կարծեմ, Ժնևում, հայտարարեց, որ մենք աշխատում ենք Մինսկի եռանախագահների շրջանակում և այդ ձևով էլ պետք է շարունակվեն Ղարաբաղի հետ կապված հարցերը: Չկա մի որևէ փաստաթուղթ, առ այսօր, որի մեջ գրված լինի տարածքների վերադարձի վերաբերյալ»: Արման Նավասարդյանի խոսքով՝ կարող է այնտեղ եղել են պլաններ, կարող է Լավրովի մտքում է նման բան եղել, բայց կոնկրետ փաստաթուղթ`միայն Մադրիդի սկզբունքներն են, որոնք տարածքների վերադարձի մասին են, բայց դրանց տակ որևէ ստորագրություն չկա:
«Փաստորեն՝ Էրդողանի այս քայլերը, տրյուկներն արվում են երկու հիմնական նպատակով, նույնիսկ կարելի է երեք ասել: Առաջինը՝ ցույց տալ Ադրբեջանին, որ երկու ազգ մի պետություն են իրենք, երկրորդ`ուզում է խցկվել այդ գործընթացի մեջ՝ ղարաբաղյան, սա շատ կարևոր հարց է իր համար, Պուտինի հետ հանդիպումը փորձում է օգտագործել նաև իր դիրքերն ամրապնդելու համար Սիրիայի և Իրաքի քաղաքականության մեջ: Այս 3 նպատակակետին էր խփում Էրդողանը»,-վերլուծել է Արման Նավասարդյանը:










