Երկիրը ոչ մի վայրկյան առանց վարչապետի չի մնալու. Հրայր Թովմասյանը՝ 2018 թվականի անցումային փուլի մասին

18:00 • 03.12.17

2018 թվականին, երբ Հայաստանում կսկսեն լիարժեք գործել սահմանադրական փոփոխությունները, ՀՀ նախագահը, ով մինչ այս նաև երկրի գերագույն հրամանատարն էր, վայր կդնի իր լիազորությունները։ Զուգահեռ` հրաժարական կտա նաև կառավարությունը։ Այս հանգամանքը քաղաքական-վերլուծական շրջանակներում անհանգստության առիթ դարձել, որովհետև հարց է առաջանում, թե մինչ նոր կառավարության նշանակումն ով է ղեկավարելու երկիրը՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ն հարևան պետության հետ ռազմական խնդիրներ ունեցող է:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով թեմային, նշեց, թե ինքը չի հասկանում նման մտավախությունների առիթը: Թովմասյանը նկատեց, որ սահմանային լարվածությունը մինչև չհասնի ռազմական դրության, պատերազմի հայտարարման փուլի, երկրի վարչապետը գործառույթ չի ունենում այստեղ:

«Մենք միշտ ունեցել ենք ու ունենալու ենք պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի պետ, որը բարձագույն զինվորական է, ու նման դեպքերում հենց նա է որոշումներ կայացնում, իսկ գլխավոր շտաբի պետը երբեք ժամանակավոր պաշտոնակատար չի լինում»,- պարզաբանեց Թովմասյանը:

Նա հերքեց տարածված տեսակետը, թե 2018 թվականին նախագահի լիազորությունները վայր դնելուց և Կառավարության հրաժարականից հետո, երկրի առաջին դեմքը լինելու է ԱԺ նախագահը: Թովմասյանի խոսքով՝ արտաքին հարաբերությունների տեսանկյունից ԱԺ  նախագահի և պատգամավորի գործառույթները գրեթե չեն տարբերվում:

«ԱԺ նախագահը երբեք որոշում չի կայացնում՝ ո՛չ պառլամենտական, ո՛չ նախագահական երկրներում: Կառավարման խորհրդարանական համակարգը կուսակցական կառավարում է, այսինքն՝ այստեղ ոչ թե ջրբաժանն անցնում է Գործադիր ու Օրենսդիր մարմինների միջև, այլև քաղաքական մեծամասնության ու քաղաքական փոքրամասնություն միջև: Բանն այն է, որ քաղաքական մեծամասնությունը նույնն է, պարզապես մի մասը գործադիրում է լինում, մյուս մասը՝ օրենսդիրում: Իսկ ԱԺ նախագահն առավելապես սպիկեր է»,- շարունակեց Հրայր Թովմասյանը:

Վերջինս նկատեց, որ խորհրդարանական կառավարում ունեցող երկրներում իշխող կուսակցության ղեկավարները դառնում են ոչ թե ԱԺ նախագահ, այլ վարչապետ:

Հարցին՝ հաշվի առնելով, որ հայ-ադրբեջանական շփման գծում ամեն օր իրադրություն կարող է փոխվել, վտանգավոր չէ՞ անցումային փուլը, որոշում կայացնող անձի ոչ հստակությունը, Հրայր Թովմասյանը պատասխանեց, թե երկիրը ոչ մի վայրկյան առանց վարչապետ չի մնում:

«Ժամկետները լավ սեղմած են ու 15 օրվա ընթացքում որոշումը կայացվում է, իսկ 5-7 օրվա ընթացում առաջարկվում է վարչապետի նոր թեկնածու: Սակայն չմոռանանք, որ երբ Կառավարությունը վայր է դնում լիազորությունները, վարչապետն ու նախարարները ժամանակավոր պաշտոնակատարներ են լինում, մինչև նոր Կառավարության ձևավորումը»,- եզրափակեց Հրայր Թովմասյանը:

 

 

 

ՀեղինակԱնի Օհանյան