«Գարդասիլ» պատվաստանյութով ցանկանում ենք կրկնել Ֆինլանդիայի օրինակը՝ արգանդի վզիկի քաղցկեղի 1 դեպք` 100 000 կնոջ դեպքում. Լ. Ալթունյան

17:20 • 05.12.17

«Գարդասիլ» պատվաստանյութով ցանկանում ենք կրկնել Ֆինլանդիայի օրինակը, որպեսզի 100 հազար կնոջ դեպքում լինի արգանդի վզիկի քաղցկեղի 1 դեպք: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

«Ֆինլանդիայի օրինակը` 100 հազար կնոջ դեպքում լինում է արգանդի վզիկի քաղցկեղի մեկ դեպք: Ցավոք սրտի, Հայաստանում այդ ցուցանիշը 15.4 է: Մենք վճռական են կիրառել բոլոր միջոցները, որ հասնենք Ֆինլանդիայի ցուցանիշին»,- նշեց նախարարը:

Հիշեցնենք, որ Հայաստանի առողջապահության նախարարությունն այս տարվա դեկտեմբերին «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստելու է 13 տարեկան աղջիկներին արգանդի վզիկի քաղցկեղը կանխարգելելու համար, այլ կերպ ասած` պատվաստում մարդու «պապիլոմա» վիրուսի դեմ։

Լևոն Ալթունյանի խոսքով՝ «Գարդասիլի» խմբաքանակը մինչ Հայաստան ներմուծվելը հետազոտության է ենթարկվել Հոլանդիայում և ստացել է կենսաբանական անվտանգության ու համապատասխանության սերտիֆիկատ: Իսկ Հայաստանում, նախարարի վստահեցմամբ՝ անցկացվել է լրացուցիչ անվտանգության հետազոտություն:

««Գարդասիլ» պատվաստանյութը մեզ ոչ թե առանձին երկիր է տրամադրել և ստիպում է պարտադիր դարձնել, այլ այստեղ ունենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդը, դիրքորոշումը և այս պատվաստանյութի հետազոտությունների 10-ամյա փորձը»,-ասել է նա։

Առողջապահության նախարարը վստահեցնում է, որ «պապիլոմա» վիրուսի դեմ պատվաստումը կողմնակի բացասական ազդեցություններ չի առաջացնի: Ըստ նրա ներկայացրած վիճակագրական տվյալների՝ պատվաստանյութի երկրորդական ազդեցությունը առավելագույնը կարող է արտահայտվել ցավի տեսքով:

Հայաստանում մինչ այս արգանդի վզիկի քաղցկեղի դեմ իրականացվում էր «պապ-քսուքի» սքրինինգ, որն ի վիճակի է հենց այսօր կրճատել քաղցկեղը, ոչ թե 25-30 տարի հետո, ինչպես «Գարդասիլ» պատվաստանյութի դեպքում է: Ընդ որում, 2019թ. սկսած՝ բյուջեից մոտ 100 մլն դոլար է ծախսվելու «Գարդասիլ» պատվաստանյութի համար:

Նախարար Ալթունյանը հայտնեց, որ «պապ-քսուքի» ծրագիրը շարունակվելու է նաև 2018 թ.-ին: Միջազգային կազմակերպության կողմից դրամաշնորհ կա, որը դեռևս օգտագործվել է 50 տոկոսով:

Հարցին, թե ավելի ճիշտ չէ՞ր լինի «Գարդասիլ» պատվաստանյութի PR-ի վրա ծախսված ջանքերը և ֆինանսական միջոցներն ուղղել «պապ-քսուքի» ծրագրի ընդլայնմանն ու երկարացմանը, Լևոն Ալթունյանը պատասխանեց. «Այս հարցադրումը նման է հետևյալ հարցադրմանը՝ «հաց ու պանիրը պանիր հացո՞վ ուտել, թե՞ հաց պանիրով»: Հնարավոր չէ մեկը մյուսից տարանջատել: Հնարավոր չէ սքրինինգային ծրագրերը անջատել պատվաստումներից, դրանք համալրում են իրար և միասին տալիս են այն արդյունքը, որը մենք ցանկանում ենք: Կկիրառենք և՛ սքրինինգ, և՛ պատվաստումներ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ընտրված տարիքային շեմին, նախարարը նշեց. «Պատվաստումը պետք է կատարվի մինչև առաջին սեռական փորձ, երբ դեռ վիրուսը չի հանդիպել: Հայաստանի տարածքում հարցումները ցույց են տալիս, որ մինչև 25 տոկոս աղջիկներ մինչև 15 տարեկանն արդեն ունեն այդ փորձը: Վերցրել ենք 13 տարեկանը առավելագույն արդյունք ստանալու համար»:

 

«Գարդասիլ» պատվաստանյութով ցանկանում ենք կրկնել Ֆինլանդիայի օրինակը՝ արգանդի վզիկի քաղցկեղի 1 դեպք` 100 000 կնոջ դեպքում. Լ. Ալթունյան